Քաղցկեղի բուժումը արագացնում է ծերացումը եւ վատթարացնում կոգնիտիվ գործառույթները: Այս մասին ասվում է CANCER ամսագրում հրապարակված նոր հետազոտությունում:
Հեղինակները՝ Լոս Անջելեում Քալիֆորնիայի համալսարանին առընթեր Կաուզինս հոգենեյրոիմունաբանության կենտրոնի աշխատակիցները, պարզել են, որ կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի բուժումից մի քանի տարի անց կենսաբանական ծերացման նշաններն ավելի ինտենսիվ են դարձել, իսկ դրան զուգահեռ նկատվել են նաեւ կոգնիտիվ ունակությունների խախտումներ:
Գիտնականները վերլուծել են 6 տարի առաջ քաղցկեղի բուժում անցած 94 հիվանդների մասին տվյալները: Նրանք ուսումնասիրել են, թե ինչպես են նման թերապիայից հետո փոխվում կենսաբանական ծերացման եւ կոգնիտիվ գործառույթների ցուցանիշները:
Պարզվել է, որ քաղցկեղի բուժումից հետո եւ ծերացումը եւ կոգնիտիվ գործառույթների թուլացումը կարող է արագանալ: Ընդ որում կանանց մոտ, որոնք բուժվել են կրծքագեղձի քաղցկեղից, ինչպես նաեև թելոմերազի ցածր ակտիվություն եւ ԴՆԹ-ի վնասվածքի բարձր աստիճան են ունեցել, կոգնիտիվ գործառույթն ավելի արագ է նվազել: Նրանց մտածողությունը եւ ուշադրությունը զգալիորեն ավելի ցածր են եղել, կենտրոնանալու կարողությունը վատթարացել է:
Ըստ գիտնակաների, դա կարող է կապված լինել այն փաստի հետ, որ բուժման որոշակի մեթոդները, այդ թվում ճառագայթային թերապիան եւ քիմիաթերապիան, վնասում են քաղցկեղային բջիջների ԴՆԹ-ն, սակայն դրանց գործողությունը կարող է տարածվել նաեւ նորմալ բջիջների վրա՝ արագացնելով դրանց ծերացման գործընթացները:






