Շագանակագեղձի քաղցկեղի բուժման մասին YouTube-ում ամենատարածված հոլովակները առողջությանը պոտենցիալ վտանգ են սպառնում: Այսպիսի եզրակացության են հանգել Նյու Յորքի համալսարանի Բժշկության դպրոցի (School of Medicine NYU) մասնագետները՝ հիմք ընդունելով անցկացված հետազոտությունների արդյունքները:

MedicalXpress-ը, վկայակոչելով European Urology-ին, հայտնում է, որ ընդհանուր առմամբ վերլուծվել են շագանակագեղձի քաղցկեղի մասին YouTube-ի 150 ամենատարածված հոլովակները: Արդյունքներն անմխիթարական են. տեսանյութերի 77 տոկոսում կային փաստացի սխալներ կամ կանխամտածված կոնտենտ: Ընդ որում՝ մոլորության մեջ գցող տեղեկություններ կային նաեւ օգտատերերի մեկնաբանություններում:

Պարզվել է նաեւ, որ տեսանյութերի 75 տոկոսում ներկայացված է միայն բուժման տարբեր մեթոդների առավելությունների նկարագրությունը, եւ միայն տեսանյութերի 53 տոկոսում է նշվում տարբեր մեթոդների վնասի եւ կողմնակի էֆեկտների մասին:

19 տոկոս դեպքերում խորհուրդներ են հնչում բուժման այլընտրանքային կամ անվճար տեսակների վերաբերյալ, որոնք բավարար ապացուցողական հիմք չունեն: Տեսանյութերի 50 տոկոսը վերաբերել է «որոշումների համատեղ ընդունմանը» եւ շագանակագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից ստանդարտներին:

Գիտնականները ուշադրություն են դարձնում լսարանի մեծ ծավալին (տեսանյութերը ունեցել են միջինը 45 հազար դիտում): Առավելագույն ցուցանիշը կազմել է 1,3 մլն դիտում:

Շագանակագեղձի քաղցկեղի մասին համացանցում ընդհանուր առմամբ հրապարակվել է ավելի քան 600 հազար հոլովակ:

Հետազոտողները, միաժամանակ, շեշտում են, որ շագանակագեղձի քաղցկեղի բուժման մասին տեսանյութերից շատերը կա՛մ հնացած են, կա՛մ խրախուսում են բժշկական տեսանկյունից ավելի ագրեսիվ բուժումը: