Մինչ վիրաբույժները 19-ամյա Կիրա Լակոնետիի ուղեղի վիրահատությունն էին կատարում, նա երգել է Weezer-ի «Island in the Sun» երգը: Կիրան երգչուհի է, եւ վիրահատության ընթացքում երգեցողությունն ուղղակի անհրաժեշտ էր, որ վիրաբույժները պատահաբար չվնասեին նրա ուղեղի «երաժշտական» հատվածները:

Վերջերս Կիրայի մոտ տարօրինակ խնդիրներ են սկսվել. երբ նա երաժշտություն էր լսում կամ երգում էր, նրա մոտ տարօրինակ «զգայախաբություններ» էին սկսվում, եւ նա յուրաքանչյուր բառի վրա կակազում էր: Նրան ՄՌՏ են կատարել, որով պարզվել է, որ ուղեղի քունքային բաժնում ոչ մեծ գնդի չափով ուռուցք կա: Ուռուցքը բարորակ էր, բայց հենց դա էր աղջկա մոտ տարօրինակ նյարդաբանական խանգարումների պատճառը:

Կիրայի մոտ ախտորոշվել է, այսպես կոչված, երաժշտածին էպիլեպսիա. հազվագյուտ խանգարում, որ 10 միլիոն մարդուց մեկին է ախտահարում: Այս խանգարմամբ հիվանդները որոշակի երաժշտական կոմպոզիցիաներ ունկնդրելիս նոպաներ են ունենում:

Վիրաբույժներն ուռուցքը հեռացրել են, իսկ աղջիկը վիրահատության ժամանակ երգել է, ինչը վիրաբույժներին օգնել է շրջանցել ուղեղի այն գոտիները, որոնք աղջիկն օգտագործում է երգելու համար: