Երաժշտությունը եւ երգը լսողության խանգարմամբ երեխաներին օգնում են ավելի լավ կողմնորոշվել աղմկոտ տարածքներում: Այս մասին են վկայում Հելսինկիի համալսարանի գիտնականների հետազոտությունները, հայտնում է Music Perception: An Interdisciplinary Journal պարբերականը:

Հետազոտության մեջ ընդգրկվել են 4-ից մինչեւ 13 տարեկան 21 երեխաներ: Բոլոր փորձարկվողները լսողության խանգարում են ունեցել, եւ նրանց մի ականջի մեջ լսողական իմպլանտ էր տեղադրված: Հսկիչ խմբի մեջ են մտել նույն տարիքի եւ առանց առողջական խնդիրների 22 երեխաներ:

Փորձի բոլոր մասնակիցներին ցույց են տվել նկարներ եւ բառեր են արտաբերել, որոնք կարող էին պատկերին համապատասխանել: Սա կատարվել է կա՛մ երաժշտության ուղեկցությամբ, կա՛մ լռության մեջ: Այնուհետեւ երեխաները պետք է ընտրեին ճիշտ նկարը՝ ելնելով այն հանգամանքից, թե իրենց ինչ է հաջողվել լսել:

Պարզվել է, որ լսողության խանգարմամբ երեխաները, որոնք հաճախում են երաժշտության եւ երգի պարապմունքների, ավելի լավ են տարբերակում լսած հնչյունները:

Մասնագետները սա բացատրում են նրանով, որ երաժշտության եւ երգի պարապմունքները գլխուղեղում կարգավորում են ֆունկցիոնալ կապերը: Դրանք, իրենց հերթին, լսողական տեղեկատվություն ստանալիս բարելավում են ընտրողական ուշադրությունը: