Սթենֆորդի համալսարանի գիտնականները մշակել են ճառագայթային թերապիայի նոր մեթոդ, որը թույլ է տալիս զգալիորեն կրճատել քաղցկեղային ուռուցքների ճառագայթման ժամանակը. այս մեթոդի օգնությամբ քաղցկեղային ուռուցքները կարելի է «սպանել» վայրկյանների ընթացքում:

Քաղցկեղային բջիջների վրա ներգործության նոր մեթոդը կոչվում է ՖԱԶԵՐ (PHASER), որի հիմքում ընկած է բարձր էներգիաների ֆիզիկան: Հեղինակների խոսքով՝ ճառագայթային թերապիայի այս տեսակի օգտագործումը հիվանդներին թույլ կտա անցնել ճառագայթային թերապիայի ընդամենը 2-3 սեանս, ընդ որում՝ սեանսը կտեւի հաշված վայրկյաններ: Ավելին՝ բուժման այս մեթոդի կողմնակի էֆեկտները շատ ավելի պակաս կլինեն:

Ճառագայթային թերապիան քաղցկեղի դեմ պայքարի առավել արդյունավետ մեթոդներից մեկն է, սակայն այն վնասում է նաեւ առողջ հյուսվածքները եւ մեծ թվով կողմնակի ռեակցիաներ առաջացնում: Գիտնականների առաջարկած մեթոդն ապահովում է ճառագայթի շատ ճշգրիտ ազդեցություն՝ չոչնչացնելով քաղցկեղայիններին կից առողջ բջիջները: Գիտնականների խոսքով՝ քացկեղային ուռուցքին ճշգրիտ ուղղված կարճ բռնկման ժամանակ հիվանդն ուղղակի չի հասցնի մարմնի դիրքը փոխել, ինչը նվազեցնում է առողջ հյուսվածքների վնասման հավանականությունը:

Սպասվում է, որ այս մեթոդի հիմքով աշխատող համակարգը, որը կլինիկական փորձարկումներին պատրաստ է, կհայտնվի առաջիկա 3-5 տարիներին: