Դոնի պետական տեխնիկական համալսարանի գիտնականները հայտնաբերել են «մարտական գենը», որը խթանում է երիտասարդների թշնամական վարքագիծը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Physchophysiology ամսագրում։
«Մենք համաձայն ենք շատ հետազոտողների հետ, որ թշնամանքն ու ագրեսիվ վարքը համադրվում են հաճախ, սակայն՝ ոչ միշտ։ Մենք թշնամանքը դիտարկել ենք որպես շրջակա աշխարհի հանդեպ ընդդիմադիր վերաբերմունք, որը ենթադրում է ագրեսիայի, նեգատիվության, աուտիզացիայի տեսքով բացասական կարգավորումներ, զգացմունքներ եւ վարքագծի դրսեւորումներ»,- ՌԻԱ Նովոստիին պարզաբանել է ԴՊՏՀ-ի հոգեբանության, մանկավարժության եւ դեֆեկտոլոգիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Իրինա Աբակումովան։
Որպես գեն-թեկնածու գիտնականները վերցրել են Х-քրոմոսոմի վրա տեղակայված МАОА գենը։ Նրան կապում են ոչ սոցիալական վարքագծի տարբեր դրսեւորումների՝ ծեծկռտուքի, զենք կրելու եւ օգտագործելու, ավազակախմբերին անդամակցելու հակումների հետ եւ անվանում են «մարտական գեն»։
Հետազոտությունը, որին մասնակցել են 12-19 տարեկան 285 երիտասարդներ եւ դեռահասներ, ցույց է տվել, որ ցածր ակտիվություն ունեցող МАОА գենի կրողների 98 տոկոսի մոտ դրսեւորվում է թշնամանքի բարձր մակարդակ։ Իրինա Աբակումովայի խոսքերով՝ դա վկայում է նման վարքագծային ռազմավարության գենետիկ հակման մասին։
Պրոֆեսորի խոսքերով՝ աշխատանքների արդյունքները կօգնեն մշակել վարքագծում թշնամական միտումների պրոֆիլակտիկայի արդյունավետ մեթոդներ՝ որոնք հաշվի կառնեն ոչ թե հոգեբանամանկավարժական ընդհանուր սկզբունքները, այլեւ մարդու անհատական առանձնահատկությունները։
Բացի այդ, համալսարանի գիտնականների եզրահանգումների օգնությամբ կարելի կլինի ստեղծել դպրոցականների եւ ուսանողների հետ խմբային եւ անհատական հոգեթերապեւտիկ աշխատանքի ծրագրեր։ Հետազոտության նյութերը հնարավոր է օգտագործել տարբեր գիտական ոլորտների ներկայացուցիչների որակավորման բարձրացման համար։






