Երկու գեների մուտացիան կարող է առաջացնել աչքի մելանոմա՝ աչքի քաղցկեղի բավական տարածված մի տարատեսակ, պարզել են ամերիկացի գիտնականները։
Հետազոտողները հույս ունեն, որ հասկանալով, թե ինչպես են այս գեները գործում, ապագայում կկարողանան հաղթահարել այս հիվանդությունը։ Նրանց անգամ հաջողվել է դանդաղեցնել մկների աչքերի ուռուցքի զարգացումը մի դեղամիջոցի օգնությամբ, որը կապված է այս երկու գենետիկ ուղիների հետ, հաղորդում է Fox News-ը։
«Մինչ մեր հետազոտությունն արդեն հայտնի էր, որ այս երկու գեները քաղցկեղ են առաջացնում», - ասել է հետազոտության հեղինակ, Քալիֆորնիայի համալսարանի քաղցկեղի հետազոտության կենտրոնի դեղագիտության պրոֆեսոր Կուն-Լյան Գուանը։ - «Բայց դրա մեխանիզմները այնքան էլ պարզ չէին։ Եթե մեզ հաջողվի պարզել, թե ինչպես են դրանք քաղցկեղ առաջացնում, մենք կկարողանաք պայքարել դրանց դեմ»։
Աչքի մելանոման կամ ուվեալ մելանոման առաջանում է աչքի պիգմենտ պարունակող հատվածներում։ Եթե քաղցկեղը վնասում է միայն աչքերը, ապա ստանդարտ բուժումը ներառում է ճառագայթում եւ աչքի հեռացում, եւ սովորաբար դա հաջողված բուժում է համարվում։ Այնուամենայնիվ, ուվեալ մելանոման հաճախ մետաստազներ է տալիս եւ տարածվում է լյարդի վրա։
Սովորաբար ուվեալ մելանոմայի զարգացման մեջ մեղավոր են երկու մուտացիաներ՝ GNAQ եւ GNA11։ Այս գեները վերլուծելով, Գուենը եւ իր թիմակիցները ցույց են տվել, որ GNAQ եւ GNA11 մուտացիաները «ստիպում են» սպիտակուցներին թույլատրել բոլոր ազդանշանների ազատ մուտքը բջիջ, ինչի հետեւանքով չափազանց ակտիվանում է ազդանշանները ներս թողնող սպիտակուցը, որը հզոր օնկոգեն է եւ քաղցկեղ առաջացնելու մեծ պոտենցիալ ունի։
Այժմ, իմանալով այս սպիտակուցի (YAP) կարեւոր դերի մասին, մասնագետները կարող են օգտագործել այն որպես դեղամիջոց՝ ուվեալ մելանոմայի տարածումը դանդաղեցնելու համար։ Բացի այդ, աչքի արյունատար անոթների անոմալիաների բուժման համար նախատեսված դեղամիջոցը՝ վերտեպորֆինը, նույնպես արգելակում է YAP-ի ֆունկցիան։
Հետազոտողները որոշել են ստուգել վերտեպորֆինը մարդու ուռուցքներից ստացված ուվեալ մելանոմայով հիվանդ մկների վրա։ Ինչպես եւ ակնկալվում էր, դեղամիջոցը ազդել է ուռուցքի վրա եւ փրկել մկների կյանքը։
Հաշվի առնելով նրանց հաջողությունները՝ Գուանը հուսով է, որ դեղագործական ընկերությունները կսկսեն զարգացնել նաեւ այլ YAP արգելակիչներ։






