Հիվանդանոցներում ցածրահասակ հիվանդներն ավելի հաճախ են մահանում, քանի որ բժիշկները չեն կարողանում բժշկական սարքավորումները կարգավորել նրանց հասակին համապատասխան: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով 400 հազար բրիտանացիների մասնակցությամբ հետազոտությունը:

Պարզվել է, որ ցածրահասակ հիվանդները ավելի հաճախ են մահանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Ի տարբերություն նրանց՝ բարձրահասակ մարդկանց շրջանում ապրելիության ցուցանիշներն ավելի բարձր են: Վերակենդանացման բաժանմունքում մահանում է 2 մետրի հասնող հասակով տղամարդկանց միայն 21 տոկոսը, մինչդեռ նրանց շրջանում, ում հասակը կազմում է շուրջ 140 սմ, այս ցուցանիշը հասնում է մինչեւ 29,2 տոկոսի: Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանց շարքում բարձր կամ ցածր հասակի պատճառով մահացության տարբերությունը կազմում է համապատասխանաբար՝ 17,1 տոկոս եւ 24,1 տոկոս:

Բանն այն է, որ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական սարքավորումները հիմնականում հաշվարկված են միջին հասակի մարդկանց համար (ի դեպ, նրանց դեպքում վերակենդանացման բաժանմունքում մահացությունը կազմում է 22 տոկոսից քիչ ավելի): Իսկ սա նշանակում է, որ ցածրահասակ հիվանդները ենթակա են սեդատիվ դեղամիջոցների մեծ չափաքանակ ստանալու վտանգին, ինչը քնկոտություն է առաջացնում եւ որպես արդյունք՝ շնչառության կանգ:

Դրանից բացի, այս կարգի հիվանդների մոտ սխալ չափի շնչառական խողովակները կարող են վնասել ձայնալարերը, իսկ չափից ավելի երկար կենտրոնական կաթետերը (հազվադեպ դեպքերում) կարող է մահվան պատճառ դառնալ: