Շուրջօրյա լուսավորությունն ազդում է արյան կազմի եւ մարմնի զանգվածի վրա: Այս մասին են վկայում ռուս գիտնականների հետազոտությունները:

 «Գիտությունը Սիբիրում» հրատարակությունը նշում է, որ փորձի շրջանակներում մկների մի խումբը պահվել է անընդհատ միացված լույսի պայմաններում, մյուս՝ վերահսկիչ խումբը լուսավորության ստանդարտ ռեժիմում (օրվա ընթացքում 14 ժամ լուսավորություն եւ 10 ժամ մթություն):

Ողջ օրը լուսավորության պայմաններում անցկացրած մկների արյան մեջ գիտնականները փոփոխություններ են գտել, որոնք հատուկ են անեմիայի զարգացմանը՝ հեմատոկրիտի նվազեցում (արյան կարմիր բջիջների ծավալը), էրիթրոցիտների եւ հեմոգլոբինի պարունակության նվազեցում:

Բացի այդ շուրջօրյա լուսավորությունը հանգեցրել է մկների մարմնի զանգվածի ավելացմանը ի տրաբերություն վերահսկիչ խմբի. առաջին հերթին օրգանիզմում ջրի պարունակության ավելացման հաշվին:

 Փորձը ցույց է տվել, որ մշտական լուսավորության 7-րդ օրը կրծողների դիմացկությունը եւ մկանային ուժը զգալիորեն նվազել է՝ ի տարբերություն վերահսկիչ խմբի:

Այնուհետ շուրջօրյա լուսավորության պայմաններում գտնվող մկներին մելատոնին են տվել, քանի որ հայտնի է, որ այն օրգանիզմում սինթեզվում է միայն օրվա մութ ժամերին եւ լույսի ժամանակ արագ քայքայվում է:

Պարզվել է, որ այն չի ազդում ֆիզիկական դիմացկունության վրա. կենդանիները նույն կերպ թուլանում էին փորձի առաջին շաբաթվա վերջին:

Մինչդեռ պարզվել է, որ լուսավորության պայմաններում պահվող մկների մոտ մելատոնինի ընդունումը խոչընդոտում է անեմիայի զարգացմանը: Պլացեբո ստացած խմբի համեմատ, փորձի վերջում մելատոնին ստացած կենդանիների մոտ հեմոգլոբինի պարունակությունը զգալիորեն բարձրացել է: