Փաստացի յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ փորձում է համացանցում հիվանդությունների մասին տեղեկություններ գտնել, իսկ Google-ը որպես ամենահանրահայտ որոնողական համակարգ միշտ պատրաստ է ցանկացած հուզող հարցով պատասխան տրամադրել:
Ընթացիկ տարվա հունվարից դեկտեմբեր անգլերենով հարցումների վերլուծությունը վկայում է այն մասին, որ համացանցի օգտատերերին առավել հաճախ հետաքրքրել է կետոգենային սննդակարգը, հայտնում է CNN-ն: Երկրորդ տեղում է կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը, երրորդ՝ էնդոմետրիոզը: Այնուհետեւ մարդիկ հետաքրքրվել են, թե մեզի մեջ մարիխուանայի հետքերը որքան են մնում:
Գրիպին վերաբերող հարցերը՝ «Գրիպը որքա՞ն է տեւում» եւ «Գրիպը որքա՞ն ժամանակ է վարակիչ» համապատասխանաբար զբաղեցրել են 5-րդ եւ 6-րդ տեղերը: 7-րդ հորիզոնականում է «Ե՞րբ է տեղի ունենում իմպլանտացիոն արյունահոսությունը» հարցը, 8-րդ՝ «Ինչո՞ւ եմ ես ամբողջ ժամանակ հոգնածություն զգում», 9-րդ՝ «Որո՞նք են այրոցի նշանները»: Հարցումների տասնյակը եզրափակում է «Ի՞նչն է զարկերակային բարձր ճնշում առաջացնում» հարցը:
Անցյալ տարի Google-ում ամենատարածվածն էին զկրտոցին, խռմփոցին եւ գայլախտին վերաբերող բուժհարցումները, իսկ 2016-ին՝ բժշկական բանկաների օգտագործմանը, Զիկա վիրուսի մասին տեղեկություններին եւ գլխուղեղի վնասվածքներին վերաբերող հարցումները:






