Վերջին ժամանակներս հաճախ ենք լսում այն մասին, որ շները կարող են վերհանել այս կամ այն հիվանդությունը զարգացած հոտառության պատճառով։ Այժմ գիտնականները պնդում են, որ շների հոտառությունն այնքան ուժեղ է, որ դրա օգնությամբ իսկապես կարելի է ախտորոշել հիվանդությունները զարգացման վաղ փուլերում, այդ թվում քաղցկեղը, շաքարախտը, Պարկինսոնի հիվանդությունն ու դողէրոցքը։

Մասնագետների խոսքով՝  շան քիթը կարող է գտնել մեկ թեյի գդալ շաքարը 5 մլն լիտր ջրում (օլիմպիական երկու լողավազան)։ Որոշակի միացությունների որոնման ճշգրտությունը կարող է հասնել 96%-ի։ Ավելին, շները, ըստ գիտնականների, հոտային մոլեկուլներով հիվանդություններն ախտորոշող էլեկտրոնային սենսորներից ավելի ճիշտ են։

Medical Detection Dogs բարեգործական կազմակերպությունը որոշել է պարզել, թե որքանով է հեռանկարային հատուկ վարժեցված շներին հիվանդությունների ախտորոշման համար օգտագործելը՝ շնչառության եւ քրտնքի մեջ օդային օրգանական միացությունների՝ հիվանդությունների մարկերների որսալու միջոցով։ Փորձարկման շրջանակում կազմակերպության փորձագետները ներգրավել են 10 շուն (ռետրիվեր, սպանիել, կոլի), որոնք պետք է պարզեին հիվանդության հոտը մի շարք նմուշների մեջ։ Ճշգրտության արդյունքը միջինը գերազանցել է 80%-ը, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ շներն իսկապես կարող են օգնել բժիշկներին ախտորոշել հիվանդությունները։

Իրենց հերթին, University of Bristol-ի գիտնականներն ապացուցել են, որ վարժեցված շները կարող են գտնել շաքարի վտանգավոր ցածր մակարդակով դիաբետիկներին դեպքերի 83%-ում։