Ուիլոու մականվամբ շնիկը փրկել է իր տիրուհու կյանքը, երբ նա հազվադեպ պատահող հիվանդությունից կորցրել է գիտակցությունը։ Շունը բերել է նրա հեռախոսը, որպեսզի նա կարողանա շտապ օգնություն կանչել, իսկ հետո նույնիսկ բժիշկների առաջ դուռն է բացել:

24-ամյա Հռութ Սփուրը տառապում է Էլերս-Դանլոսի սինդրոմ անունով հազվագյուտ խանգարմամբ: Սա կալագենի սինթեզում դեֆեկտի հետեւանքով միացնող հյուսվածքի ժառանգական համակարգային դիսֆունկցիան է: Հռութի հետ միասին տանն ապրում է Ուիլոու շնիկը`տիբեթյան տերիերի եւ բիշոն ֆրիզեի խառնուրդը: Չնայած իր փոքր չափին եւ հակառակ բոլոր թերահավատների սպասելիքներին՝ նա շատ է օգնում իր տիրուհուն եւ հեշտացնում նրա կյանքը՝ բերելով նրա դեղերը եւ այլ անհրաժեշտ իրեր, եւ բացելով դռները: Ուիլոուն նույնիսկ անձեռոցիկներ է բերում Հռութին, երբ նա հազում է:

Դա հիանալի փոքրիկ շուն է, որը փրկեց Հռութի կյանքը, երբ նա անգիտակից ընկավ գետնին: Շունն արագ գտավ հեռախոսը եւ բերեց այն իր տիրուհուն, սկսեց լիզել նրա դեմքը, որպեսզի նա ուշքի գա եւ կանչի բժիշկներին: Երբ բժիշկները եկան, Հռութը դեռեւս հատակին էր, իսկ դուռը բացեց շնիկը:

Այսօր շները հաճախ են օգնում այս կամ այն հիվանդությամբ տառապող մարդկանց, ովքեր օգնության եւ աջակցության կարիք ունեն: Նրանք օգնում են կույր մարդկանց՝ կողմնորոշվել տարածքում, կարող են հոտոտելով որոշել շաքարային դիաբետի դեպքում արյան մեջ գլյուկոզայի աճի եւ նվազման վտանգավորության աստիճանը, ապահովել այս կամ այն իրի առաքումը հաշմանդամներին, ովքեր չեն կարողանում դա անել:

Սկզբում փորձագետները կարծում էին, որ Ուիլուոն չի կարող դառնալ Հռութի լիարժեք օգնականը՝ պարզապես այն պատճառով, որ նա չափերով այնքան էլ մեծ շուն չի: Բայց նրա ունակությունները գերազանցեցին ամենահամարձակ սպասելիքները, եւ այժմ աղջիկը բացարձակապես համոզված է, որ ինքը կենդանի մնաց հենց շնորհիվ իր սիրած կենդանու։