Մասնագետները գտել են այն հարցի պատասխանը, թե ինչու է մարդը հաճույք ստանում սիրելի երաժշտության ունկնդրումից:
Փորձի շրջանակում 27 կամավորներին բաժանել են 3 խմբի: Առաջին խմբի փորձարկվողներն ընդունել են գլխուղեղում դոֆամինի մակարդակը բարձրացնող դեղամիջոց, երկրորդ խմբում ընդգրկվածները՝ հակառակ արդյունքով դեղամիջոց, իսկ երրորդ՝ պլացեբո: Ընդ որում՝ 3 տարբեր օրերի հետազոտության մասնակիցները պետք է 20 րոպե երաժշտական ստեղծագործություններ լսեին, որոնց կեսը կամավորներն էին ընտրել, իսկ մյուս կեսը՝ հետազոտողները:
Գիտնականները սենսորային սարքի միջոցով հետեւել են փորձարկվողների մաշկի մակերեւույթի էլեկտրական ակտիվության փոփոխությանը, ինչպես նաեւ նրանց խնդրել են պատասխանել հարցերին, թե որքանով իրենց դուր եկավ երաժշտության ունկնդրումը եւ իրենք որքան են պատրաստ դրա համար վճարել:
Պարզվել է, որ դոֆամինի մակարդակի բարձրացման դեղամիջոց ընդունած կամավորները երաժշտությունից ավելի մեծ հաճույք են ստացել, քան պլացեբո ստացածները: Դրանից բացի, նրանք ավելի հաճախ են լսած ստեղծագործությունը գնելու ցանկություն հայտնել, եւ ընդ որում՝ պատրաստ էին դրա համար ավելի շատ վճարել:
Մինչդեռ նրանք, ովքեր ստացել են դոֆամինի արգելափակման դեղամիջոց, երաժշտության ունկնդրումից ավելի քիչ ուրախություն են ստացել, ավելի հազվադեպ են այն գնելու ցանկություն հայտնել եւ պատրաստ էին դրա համար ավելի քիչ փող վճարել:
Այսպիսով, դոֆամինն առանցքային դեր է խաղում երաժշտություն ունկնդրելիս հաճույք ստանալու մեխանիզմում:
Գիտնականների միջազգային խմբի անցկացրած հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:






