Գենետիկական գործոնը որոշ մարդկանց թույլ չի տալիս քաշ հավաքել՝ չնայած բարձր կալորիականության օրաբաժնին:
Ուսումնասիրության շրջանակներում, Քեմբրիջի համալսարանի գիտնականները համեմատել են մոտ 14 հազար մարդու ԴՆԹ-ի նմուշները, որոնցից 10400-ը սովորական քաշ է ունեցել, 2 հազարը՝ գիրություն, իսկ 1600-ը՝ ցածր քաշ: Միեւնույն ժամանակ, նիհարները ոչ մի առողջական խնդիր չեն ունեցել, որոնք կարող էին հանգեցնել մարմնի զանգվածի ինդեքսի ցածր ցուցանիշի (ՄԶԻ):
Փորձագետները նաեւ ուսումնասիրել են փորձարկման ենթարկվողների կողմից լրացված հարցաթերթիկները, որտեղ նրանք պատասխանել են իրենց կենսակերպին, օրաբաժնին եւ այլնին վերաբերող հարցերին: Արդյունքում, գիտնականները կարողացան հայտնաբերել գենոմի (լոկուսներ) նոր ոլորտներ, որոնք կապված են ինչպես ծանր աստիճանի գիրության, այնպես էլ նիհարության հետ: Ինչպես պարզվել է, հետազոտության նիհար մասնակիցների մոտ բացակայել են գիրության գեները եւ առկա են եղել «սլացիկության գեներ»: Միաժամանակ, ժառանգական նիհարությունը հանդիպում է գործնականում նույնքան հաճախ, որքան ժառանգական գիրությունը (համապատասխանաբար, 28 տոկոս եւ 32 տոկոս դեպքեր):
Գիտնականները նախատեսում են շարունակել «սլացիկության գեների» ուսումնասիրությունը, որը թույլ կտա գնալ գիրության բուժման նոր ուղղությամբ:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS Genetics ամսագրում:






