Ավտոբուսո՞վ եք աշխատանքի գնում: Դա ձեզ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից: Ուրբան Շամփեյնում Իլինոյսի համալսարանի եւ Ջորջիայի Տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականների հետազոտության համաձայն՝ հասարակական տրանսպորտով երթեւեկությունն ու ճարպակալման ցածր մակարդակը փոխկապված են:

New York Post-ը հայտնում է, որ մասնագետները վերլուծել են ԱՄՆ 45 նահանգների 227 շրջաններում 2001 եւ 2009 թվականների տվյալները: Պարզվել է, որ հասարակական տրանսպորտից օգտվող մարդկանց թվի 1 տոկոսով մեծանալու պարագայում ճարպակալման ցուցանիշները 0,5 տոկոսով նվազել են:

Հետազոտության հեղինակ, պրոֆեսոր Շելդոն Ջեքոբսոնը նշում է՝ ստացած արդյունքները չեն երաշխավորում, որ ավտոբուսով տեղաշարժվելը նվազեցնում է կոնկրետ մարդու ավելորդ քաշ հավաքելու հնարավորությունը: Սակայն հասարակական տրանսպորտով երթեւեկությունը մեծացնում է այն հավանականությունը, որ դուք ոտքով կքայլեք՝ նվազագույնը կանգառից մինչեւ տուն: Շատերի համար սովորական այս զբոսանքն օգնում է այրել ավելորդ կիլոգրամները, շեշտում է փորձագետը:

Հետազոտությունը հրապարակվել է Transportation Research Part A: Policy and Practice ամսագրում: