Աշխատավայրում ալկոհոլի գործածումը կարող է դրական անդրադառնալ կարիերայի վրա: Այս մասին հայտնում է New York Post-ը՝ վկայակոչելով Niznik Behavioral Health վերականգնողական կենտրոնի հետազոտությունը, որին մասնակցել է հազար հաստիքային աշխատող:

Պարզվել է, որ ղեկավարության հետ սպիրտային ըմպելիքներ խմելը կօգնի աշխատանքային առաջխաղացմանը: Մասնագետների 49 տոկոսը նշել է, որ աշխատավայրում ալկոհոլի գործածումն ամրապնդում է գործընկերների հետ հարաբերությունները, իսկ նրանց քառորդ մասը (24 տոկոս) հայտարարել է դրանից հետո աշխատանքում նոր հեռանկարների հայտնվելու մասին:

Niznik Behavioral Health-ը ստացած արդյունքները հետաքրքիր է անվանել՝ հաշվի առնելով այն, որ ղեկավարության եւ ենթակաների հարաբերությունները ավանդաբար ձեւական բնույթ են կրում:

Հարցվողները նաեւ հայտնել են, որ աշխատավայրում գործածում են 2 չափաբաժին սպիրտայինից ոչ ավելի, ընդ որում՝ նախընտրում են գինին եւ գարեջուրը: