Տագնապը էվոլյուցիոն պաշտպանական մեխանիզմ է, որն օգնում է փրկվել եւ ողջ մնալ: Սակայն մարդու մոտ տագնապի մշտական առկայության դեպքում կարող է զարգանալ տագնապային խանգարում եւ դեպրեսիա: Տագնապայնությունը վտանգավոր է նաեւ այլ պատճառներով. դրա հետեւանքով մեծանում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Գլուտամատն ամինաթթու է, որը ուղեղում հիմնական գրգռող նեյրոմեդիատորն է: The Journal of Neuroscience ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ այս միացության ակտիվության նվազումը մեծացնում է տագնապայնության մակարդակը:

Հիպոկամպում (գոտի, որը ներգրավված է զգացումների եւ հիշողության կարգավորման մեջ) գլուտամատի խտությունն անչափ կարեւոր է: Ընդ որում՝ ճակատային կեղեւում կա երկու գոտի՝ 25 եւ 32, որոնք փոփոխում են տագնապայնության մակարդակը՝ գործելով հիպոկամպի հետ միասին:

Գիտնականները պարզել են, որ տագնապայնության բարձր մակարդակը համահարաբերակցվել է հիպոկամպի աջ առջեւի հատվածում գլուտամատի մակարդակի հետ: Գիտնականները փորձի շրջանակում տագնապի վիճակում գտնվող կապիկների ուղեղում գլուտամատի մակարդակն արհեստականորեն բարձրացրել են մինչեւ նորմա: Սա թույլ է տվել նվազեցնել տագնապայնության մակարդակը: Ճիշտ է, երբ 25 գոտին չի գործել, գլուտամատի դրական արդյունքը չի դրսեւորվել: Իսկ 32 գոտու արգելափակումը ընդհանրապես ոչ մի դերակատարում չի ունեցել: