Տաք լոգանքը կարող է ինչ-որ իմաստով փոխարինել ֆիզիկական վարժություններին, նշված է հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of Applied Physiology-ում: Ինչպես ֆիզկուլտուրան, տաք լոգանքը նպաստում է մկանների ամրացմանը, ընդհանուր տոնուսի բարձրացմանը, ինչպես նաեւ արյան մեջ շաքարի մակարդակի նորմալացմանը:

Հետազոտության շրջանակում ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով տղամարդ կամավորները, որոնք ավելորդ քաշ են ունեցել, մասնակցել են տաք լոգանք ընդունելու փորձերին: Փորձարկվողները նախ 15 րոպե անցկացրել են սենյակում, որի օդը տաքացվել էր մինչեւ 27 աստիճան: Դրանից հետո մարդկանց մի մասը 60 րոպե ընդունել է +39 աստիճան ջերմաստիճանով լոգանք՝ մինչեւ վիզը սուզվելով ջրի մեջ:

Պարզվել է, որ տաք լոգանքն ազդել է արյան մեջ ինտերլեյկին-6-ի, հակաբորբոքային հատկություններով ցիտոկինի խտության մեծացմանը: Տաք լոգանքի այլ արդյունքն էր ազոտի օքսիդի արտադրման մեծացումը՝ միացություն, որը կարող է թուլացնել անոթների պատերը եւ նվազեցնել զարկերակային ճնշումը:

Գիտնականները հայտնել են, որ փորձի մի քանի շաբաթում մասնակիցների մոտ դիտվել է սոված վիճակում գլյուկոզայի մակարդակի, ինչպես նաեւ ինսուլինի ցուցանիշների կայուն նվազում: Դրանից բացի, գրանցվել է մարմնի տարբեր հատվածներում քրոնիկական բորբոքման նշանների նվազում:

Հաշվի առնելով ցուցանիշների տվյալները՝ տաք լոգանքի արդյունքը միանգամայն համեմատելի է ֆիզիկական վարժություններին, արձանագրել են նախագծի հեղինակները: Նրանց կարծիքով՝ տաք լոգանքը հարկադրված քիչ շարժունությամբ մարդկանց կարող է օգնել ֆիզիկական վիճակի պահպանմանը:

Բայց հարկ է հաշվի առնել, որ տաք լոգանքի երկարատեւ ընդունումը կարող է բացասաբար անդրադառնալ վերարտադրողական առողջության վրա՝ հատկապես տղամարդկանց: Ուստի խորհուրդ չի տրվում նման լոգանքները չարաշահել: