Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (ՀՏՍԽ) կարող է դրդել 12-ամյա դեռահասներին գործել ինքնասպանություն: Այդ մասին վկայում են The Lancet Psychiatry պարբերականում հրապարակված հետազոտության տվյալները:

Ինչպես հայտնի է դարձել, ՀՏՍԽ-ը զարգանում է 18 տարեկանից ցածր յուրաքանչյուր 13-րդ դեռահասի մոտ այնպիսի տրավմատիկ իրադարձությունների հետեւանքով, ինչպիսիք են ֆիզիկական կամ սեռական բռնությունը: Հետտրավմատիկ սթրեսային խանգարման պատճառով 12-ամյա դեռահասներն ինքնասպանության փորձ են կատարում: Ընդ որում՝ ՀՏՍԽ ձեռքբերելու ավելի մեծ շանսեր ունեն մանկական հասակում բռնության ենթարկվածները (31%):

Նշվում է, որ ՀՏՍԽ-ով տառապողների մեծամասնության մոտ նկատվում է ալկոհոլիզմի եւ սոցիալական մեկուսացման զարգացման մեծ վտանգ: Ստացված տվյալները մտահոգիչ են, քանի որ հետտրավմատիկ սթրեսային խանգարումով տառապող երիտասարդները չեն ստանում անհրաժեշտ բուժում:

Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 2 հազար մարդ, որոնք ծնվել են Անգլիայում եւ Ուելսում 1994-1995 թվականներին: Ընդհանուր առմամբ նրանց 7.8 տոկոսը տառապում էին ՀՏՍԽ-ով մինչեւ չափահաս դառնալը:

ՀՏՍԽ նախանշանները ներառում են տագնապային հիշողություններ կամ գիշերային մղջավանջներ, մեղքի զգացում, մեկուսացում եւ ինքնամփոփություն: Սեռական բռնության ենթարկված երիտասարդների 74 տոկոսի մոտ զարգացել է ՀՏՍԽ-ը: Մասնագետները նշում են, որ մինչեւ 18 տարեկանը տրավմատիկ իրադարձություններին բախված մարդիկ կրկնակի հաճախ են տառապում հոգեկան խանգարումներով՝ ի տարբերություն նրանց հասակակիցների:

Բացի այդ, ՀՏՍԽ-ով տառապող անձանց 15.9 տոկոսի մոտ զարգացել էր ոգելից խմիչքներից կախվածություն, իսկ յուրաքանչյուր չորրորդը չէր սովորում կամ աշխատում 18 տարեկան հասակում: Գիտնականների ուշադրությունը գրավել է հանգամանքը, որ հետտրավմատիկ սթրեսային խանգարումով դեռահասների կեսի մոտ նկատվում է սոցիալական մեկուսացում կամ միայնակության զգացում: