Sha կեղծանվամբ հայտնի 30-ամյա կին-բլոգերը դարձել է գիշերային ակումբի կոպիտ աշխատակիցների զոհը: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, անվտանգության աշխատակիցները գրեթե պոկել են նրա մարմնից կոլոստոմիկ պարկը՝ մտահոգվելով, որ այն վտանգ է ներկայացնում հաստատության համար:

Այդ տհաճ միջադեպը Sha-ի կյանքում ամենեւին միակը չէ. Sha-ն 2008 թվականից տառապում է Կրոնի հիվանդությամբ (աղեստամոքսային տրակտի ծանր հիվանդություն): Հենց այդ պատճառով երիտասարդ կինը ստիպված է կրել կոլոստոմիկ պարկը, որն ամրացված է անմիջապես ստամոքսին եւ նախատեսված է կղանքը հավաքելու համար:

Կրոնի հիվանդության պատճառով Sha-ն վիրահատվել է 8 անգամ: Բժիշկները հանգել են եզրակացության, որ կոլոստոմիկ պարկը կօգնի կնոջը վարել քիչ թե շատ նորմալ կենսակերպ: Սակայն դրա պատճառով Sha-ն հաճախ հայտնվում է անհարմար իրավիճակում, հատկապես, օդանավակայանում:

Բացի այդ, երբ կոլոստոմիկ պարկը լցվում է եւ մեծանում, խանութներում Sha-ին մանրակրկիտ զննում են, քանի որ վաճառողները կասկածում են, որ նա ինչ-որ իր է գողացել եւ փորձում է թաքցնել այն հագուստի տակ:

Կրոնի հիվանդության նախանշաններից են փորլուծությունը, հետանցքային արյունահոսությունը, փորկապությունը, տենդը, ախորժակի կորուստն ու հոգնածությունը: Հիվանդության առաջացման հստակ պատճառները հայտնի չեն, սակայն, համաձայն առավել տարածված վարկածի, Կրոնի հիվանդությունը փոխանցվում է ժառանգաբար:

Չնայած ախտորոշմանը՝ Sha-ն փորձում է ապրել լիարժեք կյանքով եւ կիսվում է իր պատմություններով Instagram-ի The Girl With The Bag իր էջում: