29-ամյա Քլեր Բենեթը Մեծ Բրիտանիայից ստիպված էր մշտապես օրագիր պահել՝ մանրամասն նշելով օրվա գործողությունների պլանը, այլապես կմոռանար, թե ինչ է անելու. աղջկա հիշողությունը լրջորեն տուժել էր էնցեֆալիտի պատճառով։

Քլերը երկար ժամանակ աշխատել է վեբ կայքի թեսթավորող։ 2015 թվականի հունվարին սկսել է դժգոհել ուժեղ գլխացավերից եւ տենդի նոպաներից։ Բժիշկները որոշել են, որ նա սովորական գրիպով է հիվանդացել, պարացետամոլ են նշանակել եւ ուղարկել տուն։

Մի քանի օր անց աղջկա վիճակը նկատելիորեն վատացել է։ Քլերը աշխատանքի չի գնացել, իսկ երբ գործընկերներն այցելել են նրան, նա չի կարողացել կողմնորոշվել, թե որ երկրում է գտնվում։ Աղջիկը մոլորված տեսք ուներ, ինչն էլ մի լավ վախեցրել է նրա հորը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց՝ էնցեֆալիտ կասկածելով։

Որոշ ժամանակ Քլերը դժվարությամբ ճանաչում էր ծնողներին։ Լուրջ դեղորայքային բուժում ստանալով՝ նա սկսեց հիշել անցյալի իրադարձություններն ու ճանաչել ծնողներին։ Երկու շաբաթ հետո նրան դուրս գրեցին, բայց ակնհայտ էր, որ աղջկա հիշողությունը լրջորեն վնասված է։

«Տուժել էր նրա կարճաժամկետ հիշողությունը։ Երբեմն ընկերները նրան հյուր էին գալիս, եւ որոշ ժամանակ անց նա այդ մասին մոռանում էր,- պատմել է աղջկա հայրը։ Մի անգամ էլ առավոտյան նա իջավ առաջին հարկ՝ ճոճվելով, ասես ամեն պահ կարող էր ընկնել»։

Հայրը Քլերին ուղարկեց տեղի հիվանդանոց, որտեղ նրան նորից էնցեֆալիտ ախտորոշեցին։

Հիվանդանոցում աղջիկը մնաց ավելի քան երկու ամիս, եւ օրեցօր նրա՝ ժամանակվա իրադարձությունների հիշողությունը վատանում էր։ Պարբերական զննումներից հետո բժիշկները եկան այն եզրակացության, որ հիշողությունը չի վերականգնվի։

Հիմա Քլերը մասնագետների հսկողության տակ է եւ ամեն օր օրագիր է վարում, որտեղ գրի է առնում օրվա մանրամասն պլանը, որպեսզի չմոռանա լոգանք ընդունել եւ ուտել։ Նախկինում Քլերը խոհանոցում պատրաստել շատ էր սիրում։ Հիմա նույնպես դա նրան դուր է գալիս, բայց որպեսզի ինչ-որ բան պատրաստի, ձեռքի տակ պետք է ունենա այն ամենի մանրամասն ցուցակը, ինչը հարկավոր է դա անելու համար, եւ նշաններ պետք է դնի արդեն կատարված կետերի առջեւ, թե չէ պարզապես կմոռանա, թե ինչ է դրել կերակրատեսակի մեջ, իսկ ինչ չի դրել։

«Եթե նրան թիվ թելադրես եւ խնդրես կրկնել տասը րոպե հետո, նա ոչ թե պարզապես չի հիշի, այլ անգամ մոռացած կլինի, թե ինչ ես հարցրել»,- ասել է հայրը։

Քլերն ասել է, որ չնայած հիշողության կորստին՝ նա «կյանքից վերցնում է առավելագույնը եւ լավն է մտածում»։