Մեծ Բրիտանիայում 41-ամյա կնոջը, որը դստերը ստիպել է բուժվել գոյություն չունեցող էպիլեպսիայի դեմ, մի քանի ամսով բանտարկության են դատապարտել:

Կնոջ անունը չի հրապարակվում, սակայն հայտնի է, որ նա Լանքաշիր կոմսության Բլեքփուլ քաղաքից է: 2012 թվականի հունվարից 2016 թվականի հունվար նա դստերը տարել է բժիշկների մոտ՝ պնդելով, որ նրա մոտ առկա է էպիլեպսիա: Ընդ որում՝ ոչ ոք, կնոջից բացի, աղջկա մոտ երբեք չի նկատել նոպաներ եւ հիվանդության այլ դրսեւորումներ: Արդյունքում երեխային դեղեր են նշանակել, որոնց կարիքն իրականում չուներ: Աղջիկը մի քանի անգամ հիվանդանոց է ընդունվել նրա վիճակին հետեւելու համար եւ համակարգչային տոմոգրաֆիա է անցել:

Ավելի ուշ պարզվել է, որ աղջկա մոտ ոչ մի էպիլեպսիա չի եղել, եւ նրան վերցրել են խնամակալության մարմինները: Նախկինում նշանակված բոլոր դեղերի ընդունումը չեղարկվել է: Հոր խոսքով՝ մորից բաժանվելուց հետո աղջկա ինքնագնահատականը զգալիորեն աճել է:

Դատավճիռը հրապարակելիս դատավոր Գրեմ Նոուլզը նշել է մոր վարքագծի «անհասկանալիությունը», որը դրանով, ըստ երեւույթին, ցանկացել է ուշադրություն գրավել եւ համակրանք ու կարեկցանք առաջացնել:

«Դուք ձեր դստերն օգտագործել եք որպես միջոց ցանկալին ստանալու համար՝ չմտածելով այն մասին, թե դա նրա վրա ինչպես կանդրադառնա: Ուշադրությունն ու կարեկցանքը, որը ձեզ ցույց են տվել, սնուցել է ձեր ինքնագնահատականը»,- ասել է դատավորը:

Կնոջը դատապարտել են 8 ամսվա ազատազրկման:

Բրիտանուհուն մերկացրել են ստի մեջ նաեւ այլ դեպքերում՝ նա բազմիցս հարեւաններին ասել է, որ դարձել է գոյություն չունեցող հանցագործությունների զոհ: 2016 թվականի հունվարին նա ոստիկաններին բողոքել է, որ իրեն սպառնալիքներով նամակներ են ուղարկում: Նրա տան մոտ հսկողություն են սահմանել եւ տեսել, թե ինչպես է հենց ինքը մուտքի մոտ նամակ գցում: