Չինաստանի Դաբա քաղաքից  Լի ազգանունով 60-ամյա տղամարդու կոկորդում երկու ամիս տզրուկ է ապրել: Միայն վերջերս բժիշկները նրա կոկորդից հանել են 10 սմ երկարությամբ տզրուկին:

Տղամարդը գանգատվել է կոկորդի ցավից եւ հազից, որն ուղեկցվել է արյան հետ արտադրվող խորխով: Երկար ժամանակ բժիշկները չեն կարողացել հասկանալ այդ խնդիրների պատճառը եւ տղամարդը որոշել է դիմել Իբին շրջանի ավելի մեծ հիվանդանոց: Այնտեղ էնդոսկոպիա են արել եւ շնչափողի պատերին գտնվող  մեծ տզրուկի հայտնաբերել:

Բուժող բժիշկ Չժան Դադունի խոսքով՝ լպրծուն տզրուկին դժվար էր դուրս բերել: Սակայն գործընկերների օգնության շնորհիվ, նա կարողացել է աերոզոլի միջոցով քնեցնել տզրուկին, որից հետո ունելիի միջոցով հեռացրել մակաբույծին:

Ենթադրաբար տզրուկի ձվերը Լիի կոկորդի մեջ են հայտնվել այն բանից հետո, երբ նա չֆիլտրված  ջուր է խմել: Բժիշկը տեղացի բնակիչներին խորհուրդ է տվել օգտագործելուց առաջ անպայման եռացնել ջուրը՝ հիվանդություններից եւ մակաբույծներից պաշտպանվելու համար: