Էքսեթերի համալսարանի Բժշկական դպրոցի եւ Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցի գիտնականներն ուսումնասիրել են գրեթե 500 հազար մարդու գենոմները։ Կամավորները պետք է պատասխանեին նաեւ քնի ռեժիմի եւ տրամադրության վայրիվերումների մասին հարցերին։ Արդյունքում՝ գիտնականներին հաջողվեց հայտնաբերել 57 գենոմ, որոնք կարող են կապված լինել անքնության հետ։
Բացի այդ, հայտնաբերվեց նաեւ կապ քրոնիկական անքնության, ընկճախտի եւ սրտի հիվանդությունների միջեւ։
Երկրորդ հետազոտությունը՝ նվիրված անքնության առաջացմանը, անցկացվել է գիտնականների միջազգային թիմի կողմից։ Մասնագետներն ուսումնասիրել են ավելի քան 1,3 միլիոն մարդու ԴՆԹ-ի եւ քնի ռեժիմի մասին տեղեկատվությունը։ Արդյունքում՝ հաջողվել է պարզել անքնության հետ կապված 202 գենետիկ ոլորտ եւ 956 առանձնահատուկ գեն։ Այդ գեների վարիացիաներն էլ նպաստում են քնի հետ կապված խնդիրների առաջացմանը։
Հատկանշական է, որ ավելի վաղ պարզվել էր ընկճախտի, շաքարախտի եւ սրտանոթային հիվանդությունների հետ այդ գեներից շատերի կապի մասին։ Հետագա հետազոտությունների արդյունքները նշում են հայտնաբերված գեների որոշ մասի դերը աքսոնների (նյարդային բջջի երկար գլանաձեւ ելուստներ) գործառնությունում։
Գիտնականների կարծիքով՝ անքնության պատճառները պետք է որոնել ոչ թե քունը, այլ հույզերը, սթրեսն ու լարվածությունը կարգավորող նեյրոնային շղթաներում։ Մասնագետները նաեւ ընդգծում են, որ քրոնիկական անքնությունը պետք է դիտարկել որպես առանձին խանգարման ձեւ։
Երկու հետազոտությունն էլ հրապարակվել է Nature Genetics պարբերականում։






