27-ամյա Կասանդրա Շելդոնը այնպես է փոխվել 71 կիլոգրամ նիհարելուց հետո, որ վախենում է չանցնել օդանավակայանի անձնագրային կետը։ Աղջիկը պատրաստվում է մեկնել Բալի եւ այնտեղ անցկացնել իր երազանքի հանգստյան օրերը։
Ֆեյսբուք սոցիալական ցանցում Կասանդրան հարցրել է, թե ինչ պետք է անի, եթե օդանավակայանում չհավատան, որ դա իր անձնագիրն է. անձնագրի լուսանկարն արվել է մի քանի տարի առաջ, իսկ նիհարելուց հետո նա անճանաչելիորեն փոխվել է։ Աղջկան հավաստիացրել են, որ դեմքերի ճանաչման ներկա ծրագրերը բավական լավն են, դրա համար օդանավակայանում խնդիր չի ունենա, ավելի շուտ՝ խնդիր չի ծագի, թեեւ նա իսկապես շատ է փոխվել։
The Daily Mail պարբերականի հարցազրույցում Կասանդրան պատմել է, որ միշտ ակտիվ երեխա է եղել, սիրել է սպորտը, բայց ավելորդ քաշ մանկուց է ունեցել։ 15 տարեկանում նա 105 կիլոգրամ է կշռել, եւ նրան ոչ ոք ժամադրության չի կանչել։
Նա փորձում էր նիհարել դիետաների եւ վարժությունների օգնությամբ, բայց արդյունքում հիվանդացավ բուլիմիայով, իսկ դժվարությամբ կորցրած 20 կիլոգրամը հետ բերեց լիովին։ 23 տարեկանում Կասանդրան արդեն146 կիլոգրամ էր, տառապում էր մեջքի ցավից, իսկ փորը դիպչում էր մեքենայի ղեկին։
Մի անգամ նա հասկացավ, որ պետք է ինչ-որ բան փոխել, չէ՞ որ եթե շարունակեր այն ժամանակվա կենսակերպը, հաստատ դիաբետ եւ սրտի խնդիրներ կունենար։
Ստամոքսը փոքրացնելու վիրահատության դիմելու համար նրան 2 տարի պահանջվեց. այդ ընթացքում մանրամասն ուսումնասիրեց այն ամենը, ինչ նրան սպասվում էր առջեւում։ 2017 թվականի մարտի 15-ին նրան վիրահատեցին, ինչից հետո նա սկսեց սնվել այնպես, ինչպես խորհուրդ տվեց բժիշկը, ինչպես նաեւ զբաղվեց սպորտով։
Մեկ տարում Կասանդրան նիհարել է 71 կիլոգրամ, եւ այժմ նրա քաշը 75 կիլոգրամ է։











