Քաղցկեղի բուժման հաջողությունը կարող է սերտորեն կապված լինել պացիենտի մկանային զանգվածի հետ. զարգացած մկաններ ունեցող մարդկանց համար իմունոթերապիայի մեթոդները ավելի արդյունավետ են, պարզել են Օսակի (Ճապոնիա) համալսարանի գիտնականները:

Նրանց խոսքով՝ կմախքի մկանների զանգվածի ցուցանիշը թույլ է տալիս կանխատեսել բուժման արդյունավետությունը, դրա համար մասնագետները մտադիր են մեթոդներ մշակել, որոնք թույլ են տալիս մեծացնել ուռուցքային հիվանդությամբ պացիենտների կմախքի մկանների զանգվածը՝ ապաքինմանը նպաստելու համար:

Դեռ նախորդ հետազոտությունների ժամանակ գիտնականները ուշադրություն են դարձրել այն փաստին, որ մկանային զանգվածի դեգրադացիան (սարկոպենիա) իմունոթերապիայի ժամանակ զուգորդվում  է անբարենպաստ արդյունքի հետ:

Ճապոնացի մասնագետներն իրենց առաջ խնդիր են դրել պարզել, թե ինչպես են թոքի ագրեսիվ քաղցկեղով պացիենտների մոտ հարաբերակցվում մկանային զանգվածի ցուցանիշները եւ PD-1 ինգիբիտորներով (քաղցկեղի բազմաթիվ տեսակների դեմ պայքարում իմունոթերապիայի դեղերի նորագույն դաս) բուժման արդյունավետությունը:

Այդ դեղերի շնորհիվ որոշ պացիենտներ բարեհաջող բուժվում են, սակայն կան եւ այնպիսիք, որոնց դրանք չեն օգնում: Հետազոտթյան ընթացքում գիտնականները հետեւել են թոքի ոչ մանրաբջջային զարգացող քաղցկեղով հիվանդ 42 պացիենտների, որոնց կմախքի մկանների զանգվածը ստուգել են  մինչեւ թերապիան: Նրանք բոլորը բուժվել են PD-1 ինգիբիտորներով:

Պարզվել է, որ թույլ մկաններ ունեցող մարդիկ, ինչպես նաեւ սարկոպենիայի նշանները վատագույն արդյունքներ են ցույց տվել ի տարբերություն նրանց, ովքեր բավականին զարգացած մկանային զանգված են ունեցել:

Ըստ գիտնականների՝ քաղցկեղի բուժումից մեկ տարի անց մկանային զանգվածի հետ խնդիրներ չունեցող մարդկանց 38.1 տոկոսը ռեմիսիայի վիճակում է մնացել: Սարկոպենիայով պացիենտների շրջանում այդպիսք կազմել են 10.1 տոկոս՝ մոտ 4 անգամ քիչ:

Գիտնականների կարծիքով մկանները հարկավոր է զարգացնել ամբողջ կյանքի ընթացքում, քանի որ դա ամրացնում է իմունիտետը եւ հիվանդությունների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականությունը: