Հայտնի է դարձել երրորդ պացիենտի մասին, որը ոսկրածուծի փոխպատվաստումից հետո բուժվել է ՄԻԱՎ վարակից: Նրան անվանել են «դյուսելդորֆյան պացիենտ»:
Երկար ժամանակ ՄԻԱՎ վարակը անբուժելի, սակայն վերահսկելի հիվանդություն էր համարվում: 2007-ին հայտնի էր դարձել ՄԻԱՎ-ից բուժվելու առաջին դեպքի մասին այն բանից հետո, երբ ԱՄՆ քաղաքացի Թիմոտի Բրաունին, որը հետագայում հայտնի դարձավ որպես «բեռլինյան պացիենտ», փոխպատվաստել էին CCR5 գենում Δ32 մուտացիա ունեցող եւ ՄԻԱՎ-ի նկատմամբ կայուն դոնորից ոսկրածուծի ցողունային բջիջներ:
Փոխպատվաստումից հետո Բրաունի արյան բջիջների մեծ մասը ՄԻԱՎ-ի նկատմամբ կայուն էր դարձել, իսկ մեկ տարի անց պարզվել էր, որ վիրուսի մասնիկները ամբողջությամբ վերացել են նրա օրգանիզմից:
Ավելի քան 10 տարի գիտնականները եւ բժիշկները փորձում էին կրկնել հաջողությունը, սակայն միայն վերջերս Nature ամսագրում հոդված էր հրապարակվել, որը նկարագրում էր ՄԻԱՎ-ից բուժվելու դեպքը. այսպես կոչված «լոնդոնյան պացիենտին նույնպես CCR5 գենում Δ32 մուտացիա ունեցող դոնորի ոսկրածուծի բջիջների փոխպատվաստում էին արել, որից հետո նրա մոտ 18 ամիս տեւողությամբ ռեմիսիա էր սկսվել, իսկ 16 ամիս առաջ պացիենտը դադարել էր հակառետրովիրուսային թերապիա ընդունել:
Այժմ հայտնի է դարձել արդեն երրորդ նման պացիենտի մասին: Ուտրեխտի համալսարանից գերմանացի գիտնականների խումբը Աննեմարի Վենսինգի գլխավորությամբ ռետրովիրուսների եւ օպորտունիստական վարակների մասին համաժողովին հայտարարել էր պացիենտի բարեհաջող բուժման երրորդ դեպքի մասին:
«Դյուսելդորֆյան պացիենտը» հիվանդ էր լիմֆոմայով, ինչպես եւ Թիմոտի Բրաունը, սակայն նա ռադիոթերապիա չէր անցել եւ մի օր ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստման էր ենթարկվել:
Վիրահատությունից 3.5 ամիս անց պացիենտը առողջ է, թեեւ հակառետրովիրուսային դեղեր չի ընդունում: Պացիենտի արյան մանրակրկիտ անալիզը վիրուսային ԴՆԹ-ի միայն աննշան քանակություն է ցույց է տալիս:
Մասնագետները հայտնում են, որ այժմ հետեւում են ՄԻԱՎ-ով հիվանդ մի քանի պացիենտների, որոնց նույնպես CCR5 գենում Δ32 մուտացիա ունեցող դոնորի ոսկրածուծի փոխպատվաստում է արվել:
Նշենք, որ այժմ դեռ վաղ է խոսել այն մասին, որ ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստումը կարող է ՄԻԱՎ-ի բուժման մեթոդ լինել: Բանն այն է, որ նման փոխպատվաստումը հնարավոր է միայն այն պացիենտների համար, որոնք ոչ միայն ՄԻԱՎ, այլեւ քաղցկեղ ունեն: Խնդիրն այն է, որ փոխպատվաստման վիրահատությունը բավական վտանգավոր եւ պակաս հուսալի է, քան ստանդարտ հակառետրովիրուսային թերապիան:






