2019 թվականին Առողջության հայ-ամերիկյան կենտրոնը վահանաձեւ գեղձի 334 սոնոգրաֆիական հետազոտություն է իրականացրել։ 162 պացիենտի մոտ հայտնաբերվել են խախտումներ, եւ անցկացվել է ասեղային ասպիրացիա։ 54 պացիենտի մոտ հայտնաբերվել է վահանաձեւ գեղձի քաղցկեղ։ Այս մասին լրագրողներին ասել է Առողջության հայ-ամերիկյան կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ 54-ը բավական մեծ թիվ է այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այս վիճակագրությունը միայն երկու ամսվա համար է՝ հունվարի եւ փետրվարի։ Ավելին, այդ 54 պացիենտների մեջ ոչ միայն տղամարդիկ եւ կանայք կան, այլեւ երեխաներ։

Ինչ վերաբերում է 2018-ի տվյալներին, ապա իրականացվել է վահանագեղձի 3131 սոնոգրաֆիական հետազոտություն, 1312 ասեղային ասպիրացիա, որոնց արդյունքում հայտնաբերվել է վահանաձեւ գեղձի քաղցկեղի 400 դեպք։

Խաչանուշ Հակոբյանը հիշեցրել է, որ վահանաձեւ գեղձի եւ կաթնագեղձերի հետազոտություն (ինչպես, ի դեպ, ցանկացած այլ սքրինինգային հետազոտություն) անցնելն անհրաժեշտ է մինչեւ որեւէ տագնապալի ախտանշանի ի հայտ գալը. միայն այդ դեպքում կարելի կլինի ժամանակին հայտնաբերել քաղցկեղը, ինչի շնորհիվ բուժումը կլինի առավել արդյունավետ։