Ինչպես պարզվել է, մարդիկ հակված են գերագնահատել ոչ միայն իրենց մտավոր կարողությունները։ Անցկացված հետազոտության արդյունքները վկայում են, որ մարդիկ հակված են իրենց զուգընկերներին ավելի խելացի համարել, քան կան իրականում։
Արեւմտյան Ավստրալիայի եւ Վարշավայի համալսարանների մասնագետները անցկացրել են հետազոտություն 218 հետերոսեքսուալ զույգերի մասնակցությամբ, որոնք միասին ապրել են միջինը 6 տարի։ Փորձարկվողներից յուրաքանչյուրը պետք է գնահատեր ինչպես իր, այնպես էլ զուգընկերոջ ինտելեկտը «շատ ցածր»-ից մինչեւ «շատ բարձր» սանդղակով։ Բոլոր գնահատականները հետազոտողները վերափոխել են IQ միավորների։
Այնուհետեւ կամավորները պետք է անցնեին ստանդարտ ոչ վերբալ թեսթ՝ «Ռավենի առաջադեմ մատրիցներ», որն օգնեց վերհանել բոլոր մասնակիցների IQ իսկական մակարդակը։
Պարզվեց, որ փորձարկվողների մեծ մասը գերագնահատել է իր մտավոր կարողությունները միջինը 30 միավորով։ Մասնակիցներից շատերը կարծել են, որ իրենց IQ-ն «միջինից բարձր» է, բայց թեսթի արդյունքներով կանանց 68,8 եւ տղամարդկան 55 տոկոսը միջին ցուցանիշներ են դրսեւորել՝ հավաքելով IQ 100 միավոր։
Հատկաշնական է, որ նման պատկեր է առաջացել նաեւ այն դեպքում, երբ պետք է գնահատվեր երկրորդ կեսի ինտելեկտը։ Տղամարդիկ կարծում էին, որ իրենց կանայք ավելի խելացի են, քան կային իրականում («վրիպումը» կազմել է միջինը 36 միավոր)։ Կանայք նույնպես հավատում էին իրենց զուգընկերների բարձր ինտելեկտին՝ «հավելելով» միջինը 38 միավոր։
Մասնագետների կարծիքով՝ նման պատկերը կարող է լինել այսպես կոչված գալո-էֆեկտի, այսինքն՝ մարդու մասին նրա առանձին հատկությունների ընկալման ընդհանուր տպավորության ազդեցության արդյունք։
Հատկանշական է, որ համեմատելով ստացված արդյունքները՝ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մարդիկ սովորաբար նման ինտելեկտով զուգընկեր են ընտրում։
Աշխատանքի արդյունքների վերաբերյալ գիտական հոդվածը հրապարակվել է Intelligence պարբերականում։






