Մարդկային երախտագիտությունն ունակ է հրաշքներ գործել: Իսրայելցի եւ ամերիկացի գիտնականների համատեղ հետազոտության շրջանակում պարզվել է, որ պացիենտի շնորհապարտությունը բարձրացնում է բժիշկների աշխատանքի արդյունավետությունը:

Ուսումնասիրությանը մասնակցել է 43 թիմ, որոնց թվում ընդգրկվել են բժիշկներ, բուժեղբայրներ եւ բուժքույրեր: Նրանք բոլորը պետք է սիմուլյացնեին նորածնի խնամքը, որն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում էր: Փորձից առաջ թիմերը բաժանվել են 4 խմբի: Առաջին խմբի մասնակիցները պետք է մորից շնորհակալական խոսքեր լսեին, երկրորդ խումբը՝ ղեկավարությունից, երրորդը՝ երկուսից: Չորրորդ խմբի կամավորներին պատմել էին միայն փոքրիկի առողջական վիճակի մասին:

Այնուհետ 20 րոպեի ընթացքում թիմերը պետք է ախտորոշում ներկայացնեին եւ բուժման ռազմավարությունն ընտրեին:

Պարզվել է, որ առաջին խմբի կամավորները ավելի արդյունավետ են աշխատել. ճիշտ ախտորոշում են դրել, բուժման առավել արդյունավետ միջոց ընտրել:

Ըստ գիտնականների՝ դա կապված է երախտագիտական խոսքերից հետո դրական ազդեցության հետ, ինչը նպաստում է բուժանձնակազմի միջեւ տեղեկատվության լավագույն փոխանակմանը:

Հատկանշական է, որ երկրորդ խմբի դեպքում նման դրական արդյունք չի նկատվել:

Հետազոտության արդյունքների մասին հոդվածը հրապարակվել է Pediatrics ամսագրում: