Գիշերային հերթափոխում աշխատանքը մեծացնում է վիժման հավանականությունը: 22 հազար հղի կանանց մասնակցությամբ հետազոտության արդյունքներով այսպիսի եզրակացության են հանգել դանիացի բժիշկները:

Հեազոտությանը ներգրավված հղի կանայք աշխատել են հիմնականում հիվանդանոցներում, որտեղ գիշերային հերթափոխը բավականին հաճախակի երեւույթ է: Փորձարկվողների գրեթե 50 տոկոսը հղիության շրջանում աշխատել է 9 գիշերային հերթափոխ, ընդ որում՝ նրանցից 2 հազարի մոտ (8 տոկոս) վիժում է եղել 4-ից մինչեւ 22-շաբաթական հղիության ժամանակ:

Հղիության 8-րդ շաբաթից հետո կանանց շրջանում, որոնք շաբաթվա ընթացքում 2 եւ ավելի գիշերային հերթափոխում են աշխատել, վիժման հավանականությունը մեծացել է 32 տոկոսով՝ նրանց համեմատությամբ, որոնք գիշերները չեն աշխատել: Ընդ որում՝ վիժման հավանականությունը մեծացել է՝ կախված շաբաթական գիշերային հերթափոխների թվից:

Օրգանիզմի վրա այսպիսի բացասական ազդեցության ստույգ բացատրություն չկա, սակայն գիտնականները չեն բացառում այն, որ արհեստական լույսը խախտում է ցիրկադային ռիթմերը՝ առաջացնելով մելատոնինի մակարդակի նվազում:

Հետազոտությունը հրապարակվել է Occupational & Environmental Medicine ամսագրում: