Բանգլադեշից 20-ամյա Արիֆա Սուլթանան երկվորյակների է ունեցել իր առաջին որդու լույս աշխարհ գալուց հետո 26 օր անց:
AsiaOne-ը հայտնում է, որ Արիֆան առաջին երեխային ծնել է փետրվարի վերջին: Կինը չգիտեր, որ իրականում եռյակով է հղի: Ավելին՝ անգամ բժիշկները չեն նկատել, որ զարգացման հազվադեպ անոմալիայի պատճառով նա երկրորդ արգանդ ուներ, որի մեջ աճում էին եւս երկու պտուղ:
Գրեթե մեկ ամիս անց՝ մարտի 22-ին, Արիֆայի մոտ կրկին ջրեր են գնացել: Կնոջը շտապ տեղափոխել են հիվանդանոց: Այնտեղ կատարել են արտահերթ կեսարյան հատում եւ դուրս բերել 2 նորածնի՝ տղայի եւ աղջկա:
Երեքշաբթի՝ մարտի 26-ին, Արիֆան հիվանդանոցից դուրս է գրվել եւ երեք երեխաների հետ տուն վերադարձել: Նա հիմա մտահոգվում է այն մասին, թե նրանց ինչպես է կերակրելու ամուսնու համեստ աշխատավարձով: Նա ամսական բանգլադեշական 6 հազար տակայից (մոտ 70 դոլար) քիչ է վաստակում:
«Չգիտեմ, թե նման պատասխանատվությունն ինչպես կհաղթահարենք, երբ այդքան քիչ փող ունենք»,- ասում է կինը:
Բայց նրա ամուսինը չի վհատվում. «Ալլահի պարգեւած հրաշքն է, որ բոլոր երեխաներն առողջ են: Ուժերիս չափով կջանամ, որ նրանք երջանիկ լինեն»:






