Տեխասցի 70-ամյա Վերդա Բերդը Քոնվերս քաղաքից ողջ կյանքն իրեն սեւամորթ է համարել։ Միայն բոլորովին վերջերս նա իմացավ, որ մեծացել է իրեն որդեգրած ընտանիքում, իսկ կենսաբանական մայրն ու հայրը սպիտակամորթ են եղել։ Իր հայտնության մասին նա պատմել է ինքնակենսագրականում, գրում է Daily Mail պարբերականը։
«Իմ խորթ մայրը՝ Էդվինա Վագները, երբեք չի ասել, որ որդեգրել է ինձ՝ սպիտակամորթ աղջկաս»,- ասել է Վերդան։ Ճշմարտությունն իմանալու համար կինը որոշել է փնտրել կենսաբանական ծնողներին։
Պարզվել է, որ նա ծնվել է աղքատ ու բազմանդամ ընտանիքում, իսկ ներկայիս անունն այլ է եղել՝ Ջանեթ Բիգլ։ Նրա ծնվելուց հետո՝ շատ չանցած, հայրը լքել է ընտանիքը, մայրը ծանր վնասվածք է ստացել եւ մնացել առանց գոյության միջոցների։ Դրանից հետո պետական մարմինները վերցրել են բոլոր երեխաներին, այդ թվում եւ Ջանեթին։
5-ամսյա աղջկան որդեգրել է անզավակ սեւամորթ զույգը Քանզաս նահանգի Նյուտոն քաղաքից, որը, ի տարբերություն նրա ծնողների, համեմատաբար լավ էր ապրում։ Խորթ հայրը բարձրագույն կրթություն ուներ, աշխատում էր որպես բեռնակիր երկաթուղում եւ այն ժամանակների համար վատ աշխատավարձ չէր ստանում՝ ամիսը 250 դոլար (այժմ այդ գումարը կհամապատասխաներ 3600 դոլարին)։
Խորթ ծնողները փոխել են Ջանեթ անունը Վերդայով։ Թեեւ նրա մաշկը բաց էր, քան իրենցը, ոչ ոք ուշադրություն չի դարձրել եւ նշանակություն չի տվել դրան։ Բոլորը, այդ թվում եւ Վերդան, երեխային սեւամորթ են համարել։
Վերդա Բերդին հաջողվել է գտնել հարազատ մորը։ Պարզվել է, որ նա կարողացել է վերադարձնել 5 երեխաներից 4-ին, որոնց ժամանակին նրանից վերցրել էր պետությունը։ Խորթ ծնողների հետ մնացել է միայն Ջանեթը։ Ավելի ուշ Վերդայի կենսաբանական մայրը եւս 5 երեխա է ունեցել։ Բերդը ծանոթացել է 3 հարազատ քույրերի հետ, բայց հարաբերությունները չեն ստացվել. նրանցից մեկը ռասիստ էր։










