Չինաստանից Տան Շաոլունը փողոցում փողով դրամապանակ էր գտել եւ այն վերադարձրել տիրոջը, չնայած հենց իրեն էլ շատ փող էր պետք. նրա որդին վիրահատության կարիք ուներ: Նրա ազնվությամբ զգացված՝ դրամապանակի տերը վաճառել է իր ամբողջ շաղգամը եւ մարել վիրահատության ծախսերը:
South China Morning Post պարբերականը հայտնում է, որ Տան Շաոլունը երկամյա որդուն տարել էր Շանդուն նահանգի կենտրոն Ցզինան քաղաք՝ հեմոֆագոցիտարային համախտանիշից բուժելու համար: Նա երեխայի բուժման համար արդեն 200 հազար յուան (մոտ 30 հազար դոլար) վճարել էր, որից 120 հազարը ազգականներից էր պարտքով վերցրել: Երեխան ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ուներ, իսկ հայրը կարող էր դոնոր դառնալ, բայց վիրահատության համար նրան չէր բավականացնում եւս 400 հազար յուան (մոտ 60 հազար դոլար):
Մարտի 22-ին Տանը հիվանդանոցից դուրս է եկել որդու համար ուտելիք գնելու: Ճանապարհին նա գտել է դրամապանակ, որի մեջ կանխիկ 20 հազար յուան կար (մոտ 3000 դոլար), վարորդական վկայականը եւ բանկային քարտեր:
«Անկեղծ ասած, երբ տեսա մի կույտ փողը, ուրախացա: Որոշեցի, որ Աստված իմանալով, որ որդուս համար փող եմ հայթայթում, որոշել է ինձ օգնել»,- խոստովանել է Տանը:
Սակայն նա չի տրվել գայթակղությանը եւ որոշել է գտածը վերադարձնել՝ մտածելով, որ եթե դրամապանակն ընկել է հիվանդանոցի մոտակայքում, ապա դրա տիրոջը, հավանաբար, բուժման համար փող է հարկավոր:
Պարզվել է, որ դրամապանակի տերը ֆերմեր Դին Իլունն էր: Նա Տանին պարգեւ է առաջարկել, բայց վերջինը փողից հրաժարվել է: Իմանալով, որ տղամարդը փողի կարիք ունի երեխայի վիրահատության համար, Դինը որոշել է, որ կարող է նրան օգնել: Նա Տանին ասել է, որ իր պահեստներում մոտ 200 տոննա շաղգամ կա, որը պետք է վաճառել մինչեւ մայիս, եւ առաջարկել է միասին գնորդների գտնել:
Ընդամենը մի քանի օրում՝ մարտի 26-ին արդեն չինացիները վաճառել են ամբողջ շաղգամը եւ ստացել մոտ 500 հազար յուան (մոտ 74 հազար դոլար): Հիմա Տանը եւ նրա որդին պատրաստվում են վիրահատությանը, որը նախատեսված է անցկացնել շուրջ մեկ ամիս հետո:







