Աչքերը հոգու հայելին են։ Վերջերս գիտնականները բացահայտել են, որ մեր հոգու հայելիների՝ աչքերի գույնի եւ առողջության միջեւ մի զարմանալի կապ կա։  Նրանք անգամ պարզել են, որ աչքերի գույնը կարող է ազդել, թե ինչքան ցավ է մարդը զգում, որքան արագ է նրա ուղեղն աշխատում եւ ինչքան շուտ է մարդը հարբում։

Պրոֆեսոր Ինա Բելֆերը՝ Փիթսբուրգի համալսարանի անեսթեզիոլոգիայի բաժանմունքից հետազոտելով 58 հղի կանանց, եկել է այն եզրակացության, որ աչքերի բաց գունավորում ունեցող կանայք ծննդաբերելիս ավելի քիչ ցավեր են ունենում։ Ավելին, նրանք ավելի քիչ են անհանգստանում ծննդաբերությունից հետո, եւ նման կանանց մոտ դեպրեսիա եւ բացասական զգացմունքներ ավելի քիչ են նկատվում, ասել է պրոֆեսոր Բելֆերը։

Մինչեւ վերջերս կարծիք կար, որ մարդու աչքերի գույնը պայմանավորված է մեկ գենով։ «Սա հիմարություն է»,-ասել է Լիվերպուլի Ջոն Մուրի համալսարանի բիոմոլեկուլյար գիտությունների ավագ դասախոս, դոկտոր Ջերի Լուհելնենը։ «Մենք գիտենք, որ աչքի գույնը պայմանավորված է մարդկանց գեներում 12-13 անհատական տարբերակումներով, եւ այս գեները տարբեր գործողություններ են կատարում։ Դրանցից մեկը՝ մուգ աչքեր ունեցող մարդկանց մոտ առկա NCX-4, վերահսկում է շատ սպիտակուցներ, որոնք՝ ըստ վերջին հետազոտությունների, մեծապես կապված են ցավի հետ։ Մելանինը՝ աչքերը մգացնող պիգմենտը,  նույնպես զուգորդվում է ցավի հետ։

Մելանինը շագանակագույն աչքեր ունեցող մարդկանց նաեւ ավելի ընկալունակ է դարձնում ալկոհոլի նկատմամբ՝ ըստ Ատլանտայի Ջորջիա համալսարանի հոգեբանների։ Նրանք ուսումնասիրել են ավելի քան 12000 կնոջ ու տղամարդու եւ պարզել, որ բաց գույնի աչքեր ունեցող մարդիկ ավելի շատ ալկոհոլ են սպառում, քան մուգ գունավորում ունեցողները։ Պատճառն այն է, որ վերջիններս ավելի քիչ են խմում (հետեւաբար, հարբեցող դառնալու հավանականություն նույնպես քիչ է), քանի որ նրանց ավելի քիչ քանակությամբ ալկոհոլ է պետք հարբելու համար։

Մելանինը ոչ միայն աչքերին մգություն է տալիս, այլեւ մեկուսացնում է ուղեղի բջիջների միջեւ առկա էլէկտրական կապերը։ Ինչքան շատ մելանին կա ուղեղում, այնքան ուղեղը ավելի արդյունավետ, զգայուն եւ արագ է գործում։ Իսկ կապույտ աչքեր ունեցող մարդկանց ուղեղի դանդաղ ռեակցիաները նշանակում են, որ իրենք ավելի խորաթափանց եւ ռազմավարական մտածելակերպ ունեն։ Լուիսվիլի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ կապույտ աչքեր ունեցող ուսանողները ավելի ճիշտ են պլանավորել ու օգտագործել իրենց ժամանակը եւ ավելի հաջող կերպով են սովորել ու հանձնել քննությունները։

Մելանինի պակասը մարդկանց մաշկը ավելի փխրուն է դարձնում, եւ մաշկը չի կարողանում վիտամին D սինթեզել։ Սա շատ կարեւոր է հատկապես հյուսիսային կլիմա ունեցող վայրերում բնակվող մարդկանց համար, քանի որ այստեղ արեւի լույսը քիչ է, ինչը պարտադիր պայման է վիտամին D արտադրելու համար։