Յուտայի համալսարանի հետազոտողները հետաքրքիր բացահատում են արել. Մոցարտի երաժշտությունը բարձրացնում է իբուպրոֆենի արդյունավետությունը: Մկների վրա փորձերը ցույց են տվել, որ իբուպրոֆեն-երաժշտություն համադրությունը բորբոքային գործընթացների ժամանակ 93 տոկոսով  թուլացնում է ցավի զգացողությունը:

Մոցարտի բուժիչ ստեղծագործությունների ցուցակը կազմվել է պրոֆեսիոնալ երաժիշտների մասնակցությամբ:

Փորձն արվել է մկների վրա, որոնք տառպում էին տարբեր տեսակի ցավերից՝ մկանային, հոդային եւ վիրահատական միջամտությունից հետո առաջացած ցավից:

Ընդ որում մկների մի մասը ենթարկվել է բնական աղմուկի ազդեցությանը, իսկ մնացած մասը երեք ժամ շարունակ լսել Մոցարտի ստեղծագործությունները: Բացի այդ բոլոր մասնակիցներին երեք շաբաթվա ընթացքում ներմկանային եղանակով  իբուպրոֆեն են ներարկել:

Այնուհետ նմանատիպ փորձ են անցկացրել այլ դեղամիջոցներով՝ կանաբիդիոլի, լեվետիրացետամի եւ NAX 5055-ի:

Պարզվել է, որ առավել հզոր ցավազրկող ազդեցություն է ունեցել երսժշտության եւ իբուպրոֆենի համադրությունը: Այսպիսով՝ իբուպրոֆեն-երաժշտություն համադրությունը բորբոքային գործընթացների ժամանակ 93 տոկոսով  թուլացնում է ցավի զգացողությունը, մինչդեռ կանաբիդիոլի կամ NAX 5055-ի ընդունումը Մոցարտ լսելիս՝ 21 եւ 9 տոկոսով համապատասխանաբար:

Մի կողմից մկներն ի տարբերություն մարդկանց, լսում են այլ հաճախականությունների վրա, ինչի կապակցությամբ դժվար է գնահատել մարդու համար երաժշտաբուժական թերապիայի արդյունավետությունը: Սակայն հետազոտողները նշում են. նախկինում ոչ մի դեղամիջոցի չէր հաջողվել այդպիսի սեղմ ժամկետներում նման ակնհայտ թերապեւտիկ ազդեցության հասնել: Զարմանալի է, բայց փաստ. միայն Մոցարտի ստեղծագործությունները լսելը կարող է  վիրահատական միջամտությունից հետո առաջացած ցավը 77 տոկոսով նվազեցնել: