49-ամյա Ջոզեֆին Քլինթոնը Սթոկ օն Թրենթ քաղաքից (Սթաֆորդշիր կոմսություն, Մեծ Բրիտանիա) կարծում էր, թե հղի է։ Իրականում նա ձվարանների հսկայական ուռուցք ուներ։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը, Ջոզեֆինը երկար տարիներ ապարդյուն փորձում էր հղիանալ։ Նա անգամ արտամարմնային բեղմնավորում էր փորձել, բայց այդպես էլ չէր հաջողել հղիանալ։
2017 թվականի օգոստոսին Ջոզեֆինը սրճարանում հանդիպեց ընկերների հետ, որոնք ուշադրություն դարձրին նրա փքված փորին եւ խորհուրդ տվեցին հղիության թեստ անել։
«Փորս մեծացել էր հաշված շաբաթներում։ Ընդ որում՝ մարմինս նիհարել էր։ Ոտքերս ասես փայտիկներ լինեին,- հիշում է կինը,- ձեռքերս, դեմքս ու հետույքս նույնպես չափսերով փոքրացել էին։ Բացի այդ հսկայական փորից։ Ահավոր էր»։
Ջոզեֆինը որոշեց, որ գուցե հրաշք է կատարվել եւ այնուամենայնիվ հղիացել է։ Բայց հղիության թեստը բացասական արդյունք ցույց տվեց։
Այդ ժամանակ նա գնաց իրեն բուժող բժշկի մոտ եւ պատմեց, որ փորը տարօրինակորեն փքվել է ու սուր ցավեր ունի մեջքի շրջանում։ Ախտանշանները նման էին բորբոքված աղիների ախտանիշին, եւ բժիշկը դժվարանում էր վերջնական ախտորոշում տալ։
4 օր անց պացիենտը դիմեց շտապօգնության բաժանմունք։ Մասնագետները ռենտգեն արեցին, որի օգնությամբ կարողացան տեսնել ձվարանների ուռուցքը։
«Մեկը խնձորի չափ էր, երկրորդը՝ թուրինջի,- ասել է Ջոզեֆինը։- Բժիշկն ասաց, որ եթե ավելի ուշ դիմեի, շատ ավելի ուրիշ ճակատագիր կունենայի»։
Հետո պարզ դարձավ, որ նրա 51-ամյա քույրը՝ Էլիսոն Լոքերը, նույնպես բուժվել է ձվարանների ուռուցքից, բայց Ջոզեֆինի մայր դառնալու ցանկությունն անտեսել է տվել հիվանդության ակնհայտ նշանները։ Առաջին վիրահատության ժամանակ պացիենտի մարմնից հեռացրել են 7 լիտր հեղուկ, մնացած 7 լիտրը՝ մյուս վիրահատության ժամանակ։ Դրանից հետո կինը հիստերէկտոմիա է անցել՝ արգանդի հեռացման գինեկոլոգիական վիրահատություն։
Այժմ Ջոզեֆինը լավ է զգում եւ բժիշկների խորհրդով կես տարին մեկ պլանային բուժզննում է անցնում։






