Ալկոհոլի գործածումը դանդաղեցնում է դեռահասների ուղեղի աճը: Այս մասին նշված է eNeuro ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
Պորտլենդում Օրենգոն նահանգի գիտա-բժշկական համալսարանի (ԱՄՆ) մասնագետները փորձ են կատարել ավելի քան 70 ռեզուս մակակների վրա, որոնք 3-5 տարեկան էին, սա համարժեք է մարդու դեռահասության շրջանին: Կապիկներին տեղավորել են ջրի գուռի 2 տեսակով վանդակների մեջ. մեկում եղել է ջուր, իսկ մյուսում՝ սպիրտի լուծույթ, որն իր խտությամբ հավասար էր գինիին եւ գարեջրին:
Կենդանիների վրա անցկացվող փորձերը շարունակվել են կես տարի, ընդ որում՝ «ալկոհոլային» խմբի կապիկներին թույլ են տվել խմել ցանկացած քանակությամբ ջրով խառնած սպիրտ: Գիտնականները ՄՌՏ միջոցով պարբերաբար գրանցել են կապիկների ուղեղում կատարվող փոփոխությունները՝ ստացած տեղեկությունները համեմատելով ստուգիչ («սթափ») խմբի մակակների տվյալների հետ:
Պարզվել է, որ ջրով խառնած սպիրտի մեկ գրամը կապիկների մոտ գրեթե 0,25 խորանարդ սանտիմետրով կրճատել է նյարդային հյուսվածքի աճի տարեկան ծավալը: Դրանից բացի, շատ եւ չափավոր խմող փորձակենդանիների մոտ սպիտակ նյութի եւ թալամուսի (գլխուղեղի հատված, որը կարեւոր դեր է խաղում գիտակցության մակարդակի կարգավորման գործում) աճի արագությունը նվազել է (համապատասխանաբար՝ 70 եւ 50 տոկոսով):
Չնայած այն հանգամանքին, որ ալկոհոլի գործածման դադարեցմամբ ուղեղի աճի արագությունը կարգավորվել է, գիտնականները դեռեւս չեն կարող պատասխանել հարցին՝ դա արդյոք կանխո՞ւմ է ապագայում նյարդային համակարգի աշխատանքի հետ կապված խնդիրների զարգացումը:






