Տղաների շրջանում ճարպակալումը նպաստում է վաղ սեռական հասունացմանը, ինչը հղի է ապագայում ամորձիների քաղցկեղի զարգացման մեծ հավանականությամբ:
Սանտյագոյում Չիլիի համալսարանի գիտնականները պարզել են, որ ճարպակալմամբ տառապող տղաների շրջանում սեռական հասունացումը սկսվում է ժամկետից շուտ: Խոսքը ինչպես աբդոմինալ, այնպես էլ ընդհանուր ճարպակալման մասին է: Մասնագետները համոզված են, որ երկուսն էլ կարող են բերել սեռական հասունացման մինչեւ 9 տարեկանը:
Հետազոտությանն ընդգրկվել է 527 տղա, որոնք այդ պահին 4-ից մինչեւ 7 տարեկան էին: Հետագայում վաղաժամ սեռական հասունացում է հայտնաբերվել փորձարկվողներից 9 տոկոսի մոտ: Ընդ որում՝ աբդոմինալ ճարպակալումը վաղ սեռական հասունացման հավանականությունը մեծացրել է 2,7 անգամ, իսկ ընդհանուր ճարպակալումը՝ 6,4 անգամ:
Գիտնականները ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ աշխարհում դիտվում է մանկական ճարպակալման տարածման աճ, հատկապես տղաների շրջանում: Հաշվի առնելով այն, որ վաղ սեռական հասունացումը հղի է առողջության հետ կապված մի շարք խնդիրներով, այդ թվում՝ երկարաժամկետ հեռանկարում ամորձիների քաղցկեղի զարգացմամբ, մասնագետները խորհուրդ են տալիս այս խնդրին մեծ ուշադրություն դարձնել:






