Հնդկաստանի Չհաթիսգարհ նահանգից սիամական երկվորյակներ Շիվանաթ եւ Շիվրամ Սահուները չեն ափսոսում այն մասին, որ ժամանակին հրաժարվել են վիրահատությունից, որով կարող էին նրանց բաժանել: Եղբայրները վերջերս նշել են իրենց 18-ամյա տարեդարձը, եւ հիմա նրանց արդեն չեն բաժանի:

Daily Mail պարբերականը հայտնում է, որ եղբայրների մարմինները միացած են փորի շրջանում, այս պատճառով ունեն առանձին թոքեր, սիրտ եւ ձեռքեր, բայց ընդհանուր ստամոքս եւ ոտքեր:

«Հիմա մեզ չի կարելի բաժանել, եթե նույնիսկ դա շատ ցանկանանք,- ասում են Շիվանաթը եւ Շիվրամը: - Դա հնարավոր էր, երբ երեխա էինք, իսկ հիմա ուշ է: Բժիշկները մեզ ասել են, որ այլեւս չեն կարող մեզ բաժանել: Մենք ցանկանում ենք մնալ այնպիսին, ինչպիսին ենք: Մենք Աստծուց եզակի պարգեւ ենք ստացել: Մեր տեսանկյամբ՝ ունենք երկու մարմին, բայց մեկ հոգի»:

Եղբայրներն առանց դժվարության կատարում են առօրյա գործերը եւ անգամ սովորել են վազել՝ հենվելով իրենց 6 վերջույթների վրա: Շիվանաթը եւ Շիվրամը սովորական դպրոց են հաճախել եւ լավագույն աշակերտների թվում էին:

2014 թվականին նրանք ամբողջ աշխարհում հռչակվել են համացանցում նրանց կյանքի մասին պատմող տեսանյութի հրապարակման շնորհիվ: Նրանց հետ կապ են հաստատել մի քանի բժիշկներ եւ իրենց օգնությունն առաջարկել, սակայն երկվորյակները վիրահատությունից հրաժարվել են: Նրանց խոսքով՝ հիմա դրա համար չեն ափսոսում: