Ամերիկացի գիտնականները առաջին անգամ կարողացել են «վերածրագրավորված» ցողունային բջիջները փոխակերպել աչքի լրիվ ցանցաթաղանթի, որն ունակ է ճանաչել լույսը եւ վերափոխել այն էլեկտրական իմպուլսների։ Թաղանթը դեռ չի կարելի օգտագործել վնասված աչքը բուժելու համար, բայց նման վիրահատությունների իրականացումը արդեն հնարավոր կլինի կատարել մոտ ապագայում, համոզված են Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները։
«Կոպիտ ասած, մեզ հաջողվել է ստեղծել մարդու աչքի արհեստական ցանցաթաղանթ, որն ունակ է զգալ լույսը։ Կարելի՞ է այն միացնել ուղեղին, եւ կստանա՞ ուղեղը պատկեր այդ ցանցաթաղանթից։ Հավանաբար՝ոչ, բայց սա մի կարեւոր քայլ է լիովին արհեստական աչք ստեղծելու ճանապարհին»,- հայտնել է հոդվածի գլխավոր հեղինակ Վալերիա Կանտո-Սոլերը՝ Բալթիմորի Ջոն Հոփկինսի համալսարանից։
Կանտո-Սոլերը եւ իր գործընկները մեծ քայլ են կատարել արհեստական ցանցաթաղանթ ստեղծելու աշխատանքներում՝ սովորելով վերարտադրել այն գործընթացները, որոնք կատարվում են ցողունային բջիջների հետ մարդու սաղմի զարգացման առաջին 28 շաբաթների ընթացքում, երբ ապագա մարդկային արարածի մոտ կձեւավորվեն աչքերը։
Գիտնականները նաեւ ստուգել են, թե արդյո՞ք այս արհեստական ցանցաթաղանթը ունակ է զգալ լույսը։ Դրա համար գիտնականները էլեկտրոդներ են միացրել նման նեյրոններին եւ սկսել են ուսումնասիրել այս բջիջներից դուրս եկող հաճախականության եւ իմպուլսների ուժի փոփոխությունը։
Պարզվել է, որ այս ցանցաթաղանթներն իսկապես կարող են որսալ տեսած լույսի ֆոտոնները եւ փոխակերպել դրանք էլեկտրական իմպուլսների։






