Մեծ Բրիտանիայից ամուսնական զույգը այլ ռասայի երեխա է ունեցել: Սա, ավելի շուտ, տեղի է ունեցել այն պատճառով, որ կլինիկայում, որտեղ ԱՄԲ է կատարվել, սաղմերը շփոթել են:

The Daily Beast պարբերականը հայտնում է, որ զույգը, ցանկանալով անունները չհրապարակել, անպտղության դեմ բուժվելու համար առաջին անգամ 2015 թվականի հունվարին է դիմել ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի կլինիկա: Այդ ժամանակ ամուսինները սաղմեր էին սառեցրել, որոնք ստացվել էին դոնորի ձվաբջիջներից եւ բեղմնավորվել էին ամուսնու սերմնահեղուկով: 2016 թվականի ապրիլին կինն առաջին որդուն ծնել է արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) շնորհիվ:

2017 թվականի դեկտեմբերին ընտանիքը որոշել է երկրորդ երեխա ունենալ՝ օգտագործելով կլինիկայում սառեցված սաղմը: Կրկնակի ԱՄԲ-ն հաջող է անցել, եւ 2018 թվականի օգոստոսին կինը կրկին ծննդաբերել է: Սակայն, մոր խոսքով, նորածնի մաշկը շատ ավելի մուգ էր, քան նրա հոր, ավագ եղբոր եւ դոնորի մաշկը: Անցկացված ԴՆԹ թեստով հաստատվել է, որ իր ամուսինը նորածնի կենսաբանական հայրը չէ:

Անցյալ տարվա նոյեմբերին զույգը կլինիկայի դեմ դատական հայց է ներկայացրել:

«Չնայած նրանք սիրում են երկրորդ որդուն եւ նրան խնամում, նա իրենց կենսաբանական երեխան չէ,- նշված է գործի նյութերում: - Նրանք ամեն օր փորձում են կռահել, թե ով է փոքրիկի հայրը»:

Հայտնի չէ նաեւ, թե ինչ է պատահել այն սաղմի հետ, որը նախապես պատկանել է նրանց, եւ կլինիկայում ինչպես է տեղի ունեցել այս ամբողջ խառնաշփոթը: Կլինիկայի ներկայացուցիչները դատարանի առջեւ կկանգնեն 2021 թվականի սեպտեմբերից ոչ շուտ: