Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները կատարել են ոչ մխիթարական հայտնագերծություն. քաղցր գազավորված ըմպելիքների օգտին ջրի գործածումից հրաժարվելը կարող է դառնալ ավելորդ կիլոգրամներ հավաքելու պատճառ:
Հետազոտության շրջանակում հարցում է անցկացվել 2-ից մինչեւ 19 տարեկան 8400 մարդու շրջանում՝ տարբեր ըմպելիքների օրական գործածման քանակությունը պարզելու նպատակով: Պարզվել է, որ 100 երեխայից 20-ը որոշակի օրերի ջուր չի գործածել՝ ընտրություն կատարելով քաղցր գազավորված ըմպելիքների օգտին: Արդյունքում այդ օրերին նրանք գործածել են 200 կալորիա ավելի շատ, քան սովորական ջուրը նախընտրած նրանց հասակակիցները:
Գիտնականներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ քաղցր գազավորված ըմպելիքի մեջ պարունակվում է, այսպես կոչված, հավելված շաքար, այսինքն՝ «փուչ կալորիաներ», որոնց օրական չափաքանակը չպետք է գերազանցի օրական կերակրաբաժնի 10 տոկոսը:
Այսպիսով, ավելորդ 200 կալորիան, որ հայտնվում է մանկական օրգանիզմում, մեկ ամսում կարող է վերածվել 500 գրամ ավելորդ քաշի, իսկ կես տարում, համապատասխանաբար, 3 կգ: Մինչդեռ ավելորդ քաշը 2-րդ տիպի դիաբետի, հոդատապի, ինչպես նաեւ սրտի, երիկամների եւ լյարդի հիվանդությունների զարգացման վտանգի գործոնն է:
Հետազոտողներից մեկը՝ Աշեր Ռոզինգերը, նշում է, որ երեխաները պետք է ամեն օր ջուր խմեն:
Հետազոտության արդյունքները ներկայացվել են JAMA Pediatrics ամսագրում:






