5-ամյա Լոթի Ուիլսոն-Դեյլը, որին դպրոցում ձեռքի բնածին արատի համար ծաղրում էին, իրեն սուպերհերոս է զգում արտասովոր պրոթեզի շնորհիվ։
Աղջիկը ծնվել է առանց ձախ նախաբազկի՝ ամնիոտիկ ձգումների ախտանշանի հետեւանքով։ Այն զարգանում է այն պատճառով, որ ամնիոտիկ ձգանները ոլորում եւ ճնշում են պտուղը կամ պորտալարը՝ դրանով իսկ առաջ բերելով զարգացման տարբեր արատներ։ Ծնողները պատմում են, որ արտաքինի պատճառով աղջիկը հաճախ ծաղրվել է հասակակիցների կողմից, որոնք նրա թերի ձեռքը համեմատել են կեռի կամ օձի հետ։
Մեծանալով՝ Լոթին սկսել է հաճախ հարցնել մերձավորներին, թե ինչու ինքը մեկ ձեռք ունի։ Ծնողները մխիթարել են նրան՝ ասելով, որ նա առանձնահատուկ է, եւ նրանք սիրում են Լոթիին՝ անկախ ամեն ինչից։
Լոթին երեք տարի սպասում էր իր հերթին, եւ հունվարին, վերջապես, նրան անվճար վառ դեղին-վարդագույն պրոթեզ են հատկացրել։ Դրա շնորհիվ նա կարող է գնդակ խաղալ եւ անգամ նկարել։
Հատկանշական է, որ Լոթիի նոր ձեռքը իսկական սենսացիա է դարձել նրա հարազատ դպրոցում։ Անգամ տղաներն են համոզված, որ նման արտասովոր պրոթեզ ունենալը իսկապես զիլ բան է։
Պրոթեզը տպագրվել է 3D տպիչով եւ տրամադրվել Team UnLimbited բարեգործական կազմակերպության կողմից, որը գործում է 2015 թվականից։ Անցած տարիներին նրա ջանքերով մոտ 100 պրոթեզ անվճար տրվել է Մեծ Բրիտանիայի 4-70 տարեկան բնակիչների։






