Սթրես ապրող հղի կանայք իրենց երեխաներին սթրեսակայունություն են «սերմանում»։ Նման եզրահանգման են եկել Լինչյոպինգի համալսարանի (Շվեդիա) գիտնականները։

Հետազոտության շրջանակում մասնագետներն ուսումնասիրել են 120 մոր եւ նրանց 120 երեխաների առողջական վիճակը, որոնք ապրում են բրազիլական գետտոյում, որտեղ տարածված է բռնությունն  ավազակային խմբավորումների կողմից։ Պարզվել է, որ ընկճախտ եւ հետտրամվատիկ սթրեսային խանգարում ապրած մայրերի երեխաները սթրեսին դիմակայելու ունակություն ունեն։

Մի կողմից՝ գիտնականները խոստովանում են, որ անհրաժեշտ են հետագա հետազոտություններ՝ այն հաշվառմամբ, որ բոլոր փորձարկվողները եղել են նույն ազգության կանայք։ Սակայն ստացված տվյալները հետաքրքիր են նախածննդյան սթրեսի հետեւանքների վերլուծության եւ երեխայի հետագա հոգեկան զարգացման ուսումնասիրման տեսակետից։

Հատկանշական է, որ շվեդ գիտնականների աշխատանքի արդյունքները հակասում են այլ հետազոտություններին, որոնցում նշվում էր, որ սթրեսի վիճակում գտնվող մայրերից ծնված երեխաների մոտ զարգանում են վարքային խնդիրներ եւ անգամ աուտիզմ։ Այնինչ, ավելի վաղ փորձարկումները կենդանիների վրա վկայում են, որ նախածննդյան սթրեսը օգնում է  փոքրիկներին դիմակայել սպառնալիքի պայմաններում։ Ընդ որում՝ կենդանիների մոտ համապատասխան փոփոխությունները տեղի են ունենում անգամ մոլեկուլյար մակարդակում։