Չինացի գիտնականները մի շարք հետաքրքիր հայտնագործություններ են կատարել՝ ուսումնասիրելով Աֆրիկայի, Հարավարեւելյան եւ Հարավային Ասիայի երկրներում ի հայտ եկած ժանտախտի տարատեսակները։ Համեմատելով ԴՆԹ-ում փոքր մուտացիաները՝ մասնագետները, մասնավորապես, պարզել են, որ 2.MED եւ 1.ORI3 շտամները շատ ավելի արագ են տարածվում Yersinia pestis-ի (ժանտախտի ցուպիկ) մյուս տարատեսակներից։ Ստացվում է, որ երկու շտամն էլ կարողացել են մշակել ժանտախտի վարակի փոխանցման նոր մեխանիզմներ։
Գիտնականներին հաջողվել է պարզել նաեւ ժանտախտի տարածման արագության եւ օդի ջերմաստիճանի միջեւ կապը։ Այսպես, մանրէի համար ամենանպաստավորը սառը կամ շոգ կլիման է, իսկ ահա 20 աստիճանի դեպքում ժանտախտը ավելի դանդաղ է զարգանում։ Ճշգրիտ պատասխան այն հարցին, թե ինչու է այդպես, մասնագետներն առայժմ չունեն։ Բայց չի բացառվում, որ դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ լվերի (ինչպես հայտնի է, ժանտախտը փոխանցվում է կենդանիներից մարդուն վարակված լվի կծելու հետեւանքով) ակտիվությունը կապված է կլիմայական պայմանների հետ։
Լեյ Սյուն (Lei Xu) Չինաստանի գիտությունների ակադեմիայի Կենդանաբանության ինստիտուտից (Պեկին) եւ նրա գործընկերները նշում են. մեծ հայտնություն էր այն, որ ժանտախտն ավելի արագ տարածվում է երկրագնդի սակավաբնակ անկյուններում։ Մասնագետները դա կապում են այն բանի հետ, որ հոծ բնակչությամբ տարածքներում պայքարը ժանտախտի դեմ ավելի ակտիվ է վարվում։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են PNAS ամսագրում։






