Արձակուրդն Արգենտինայում տհաճ անակնկալ մատուցեց Մեծ Բրիտանիայի 50-ամյա բնակչուհուն։
BMJ ամսագրում հրապարակված հաշվետվության համաձայն՝ հայրենիք վերադառնալուն պես անունը չնշած կնոջը սկսել է հետապնդել օտարածին մարմնի շարժումների զգացողությունը գլխամաշկի տակ։ Հետո նրա մոտ ցավեր են սկսվել ձախ ականջում, ինչը ստիպել է նրան դիմել բժշկի։ Գլխում երկու ոչ մեծ պինդ այտուցները բժիշկն ընդունել է բուշտի տեղ եւ հակաբիոտիկներ նշանակել։
Բայց հաջորդ երեք շաբաթներին «բուշտերը» մեծացել են չափսերով, սկսվել են «ծակող» ցավեր, անհոտ արտադրություն մաշկի խնդրահարույց հատվածից։ Բժիշկները տառացիորեն շփոթվել են, քանի որ պացիենտի անալիզները մաքուր էին։ Արձակուրդից վերադառնալուց յոթ շաբաթ անց կինը հոսպիտալացվել է։ Այդ պահին «բուշտերը» հասել էին երկու սանտիմետրի։
Պացիենտը հիշել է, որ Իգուասու ջրվեժ ուղեւորության ժամանակ նրան մոծակներ են կծել։ Այս տեղեկությունն օգնեց բժիշկներին ճիշտ ախտորոշում կայացնել՝ դերմատոբիազ։ Մակաբուծային հիվանդությունը առաջ են բերում մարդու մաշկային բոռի թրթուրները (Dermatobia hominis), որոնք ապրում են Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի անտառներում։ Մակաբույծների էգը ձվադրում է մոծակների եւ այլ արնածուծ միջատների ու տզերի որովայնում։ Երբ այդ միջատները կծում են մարդուն, թրթուրները ջերմության ազդեցությամբ դուրս են գալիս ձվերից եւ մտնում մաշկի մեջ։
Տարեց կնոջ գլխից թրթուրները հանվեցին վիրաբուժական միջամտության ճանապարհով։ Այնուհետեւ վերքերը լվացվեցին ֆիզիոլոգիական լուծույթով, իսկ գլխի մաշկը մշակվեց հակաբիոտիկներ պարունակող քսուքով։ Հոդվածի հեղինակները նշում են, որ դերմատոբիազի այս դեպքը բավական արտասովոր է, քանի որ սովորաբար մարդու մաշկի տակ բոռի միայն մեկ թրթուր է հաստատվում։






