23-ամյա Քառլի Հենրոթայը ամերիկյան Սենթ Լուիս քաղաքից (Միսուրի նահանգ) բախվել է հազվադեպ հիվանդության, որի պատճառով նրա մկանները, ջլերը եւ հանգույցները աստիճանաբար վերածվում են ոսկրերի։
Ինչպես ներկայացնում է Daily Mail պարբերականը, Քառլին ֆիբրոդիսպլազիա ունի՝ հազվադեպ եւ անբուժելի գենետիկական հիվանդություն, որն առաջ է բերում ոսկրերի աճ։ Աշխարհում ընդամենը 800 մարդ է տառապում այդ հիվանդությամբ։
Հիվանդությունը հայտնաբերվեց այն ժամանակ, երբ Քառլին 5 տարեկան էր։ Ծնողները նրան տարան բժշկի մոտ, որպեսզի խորհրդակցեն այտուցի մասին, որն առաջացել էր վնասվելուց հետո։ Բժիշկն ուշադրություն դարձրեց այն բանին, որ աղջկա ոտքերի բութ մատները կարճ էին մյուս մատներից։ Դա ֆիբրոդիսպլազային բնորոշ նշան էր։
«Մեջքը առաջինն էր, որ ես կորցրի,- հիշում է Քառլին։- Ժամանակի ընթացքում այն վերածվեց ոսկրե թիթեղի»։
7 տարեկանում ոսկրացվեցին ծնոտները. նա բերանը կարողանում էր բացել ընդամենը մի քանի միլիմետր։ Ուտելու համար ստիպված էին հեռացնել հետեւի ատամները։ Աստիճանաբար սկսեցին քարանալ նաեւ այլ հոդերը։
Հիմա Քառլին չի կարողանում ձեռքը բարձրացնել գլխավերեւում, մեջքը թեքել գոտկատեղից կամ կանգնել երկու ոտքերին։ Նա չի կարող սանրվել կամ մեքենա վարել, կաղում է եւ սովորաբար տեղաշարժվում հաշմանդամի սայլակով։
Քառլիի խոսքով՝ հիվանդության պատճառով նա մշտապես ցավեր է զգում։
«Ես չգիտեմ ինչ պատասխանել, երբ խնդրում են բնութագրել ցավը 1-10 սանդղակով,- ասում է նա։- Ես ցավեր ունեմ ամեն օր եւ ամեն ակնթարթ։ Բախտս բերել է, որ այսքան բարձր ցավային շեմ ունեմ»։
Հետաքրքիր է, որ ամեն աննշան վնասվածք կամ քերծվածք կարող է արագացնել հիվանդության զարգացումը. սկզբում վնասված հատվածն այտուցվում է, հետո ոսկրանում, եւ դրա համար բժիշկները չեն կարողանում հեռացնել առաջ եկած ոսկրերը կամ ուղղել հոդերը. վիրաբուժական միջամտությունը վատացնում է վիճակը։
Չնայած բոլոր բարդություններին՝ Քառլին ջանում է չվհատվել եւ կյանքին դրական է նայում։






