Տոմսկի (Ռուսաստան) բժիշկները 16-ամյա պացիենտի ստամոքսից 500 գրամ մազափունջ են հանել։ Աղջիկը ծամել եւ կուլ է տվել այդ մազերը վերջին 10 տարիներին, եւ վիրահատության ժամանակ գունդն արդեն համակել էր նրա ստամոքսի 80 տոկոսը։
Սկզբում պացիենտը դիմել էր բժիշկներին մազաթափության բողոքներով, բայց զննումը ցույց էր տվել, որ նա նաեւ անեմիա ուներ, որի դեպքում նկատվում է թթվածինը տեղափոխող արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտների) քանակության նվազում։ Բացի այդ, աղջիկն ուներ աղեստամոքսային տրակտի անանցանելիություն։
Բժիշկները որոշեցին շտապ վիրահատել նրան։
Տոմսկի շտապօգնության մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Անդրեյ Կարավաեւն ասել է, որ վիրահատության ընթացքում նրանք ստիպված են եղել բացել ստամոքսի խոռոչը, որպեսզի այնտեղից հեռացնեն հսկայական մազափունջը։ Նրա խոսքով՝ վիրահատությունը հաջող է անցել, պացիենտը լավ է զգում իրեն։
Գիտնականները տարբերում են մարդկային բեզոարների (ստամոքսում գնդերի) երկու տեսակ՝ ֆիտոբեզոար եւ տրիպոֆիտոբեզոար։ Ֆիտոբեզոարը կազմված է բուսական մթերքների չմարսված մնացորդներից, օրինակ՝ կճեպից, արեւածաղկի սերմերից։ Տրիխոֆիտոբեզոարը կազմված է մազերից եւ բուսական հյուսվածքներից։






