Ոզնին ընտանի կենդանի դարձնելն այնքան էլ լավ գաղափար չէ։ Համաձայն ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (CDC) հաշվետվության՝ վայրի բնության մեջ ապրող ոզնիները կարող են սալմոնելայի փոխանցողներ լինել։

Ներկայացված տվյալների համաձայն՝ վերջին ժամանակներս Միացյալ Նահանգների տարածքում ոզնիների հետ շփումից սալմոնելոզով վարակվել է 27 մարդ։ Նրանցից 10-ը մանրէներով վարակվել է, երբ գրկել ու համբուրել է ոզնիներին, որոնց պահում էին որպես ընտանի կենդանիներ։ Սալմոնելոզով հիվանդների 42 տոկոսը 12 տարեկանից փոքր երեխաներ են։ Տուժածների ընդհանուր թվից երկու հոգի հոսպիտալացվելու կարիք է ունեցել։

Այս առնչությամբ CDC-ն համառորեն խորհուրդ է տալիս ոզնիներին չպահել որպես ընտանի կենդանիներ եւ չգրկել նրանց։ Նշվում է, որ սալմոնելաները կարող են մարդու օրգանիզմ թափանցել բերանի խոռոչով, ուստի առողջության համար չափազանց վտանգավոր է համբուրել ոզնիներին։